Քաղաքականություն

Հայաստանը ԵՄ-ի համար կարող է լինել վստահելի ու կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵՄ-ի համար կարող է լինել վստահելի ու կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել երկու կողմերի բարի կամքի դրսևորման արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Euronews-ի հետ զրույցում հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս համաձայնագիրն այդքան էլ շատ չի տարբերվում նախորդից: Քաղաքական մասում գրեթե տարբերություն չկա: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք պետք է խուսափեինք Եվրասիական տնտեսական միության նկատմամբ մեր պարտավորությունների հետ հակասություններից»,- շեշտել է Հայաստանի Հանրապետության ղեկավարը:

ՀՀ Նախագահի խոսքով՝ ի սկզբանե, երբ բանակցություններ էին ընթանում, հայկական կողմը խոսում էր «և՛, և՛»-ի մասին: «Հասկանում էինք, որ չէինք կարող ունենալ և՛ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ սերտ ինտեգրացիա, որին մենք ձգտում էինք: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել, որ մենք նման համաձայնագիր չենք կարող ստորագրել: Նրանք մեզ ասացին, որ «կարող եք, եթե ցանկանում եք, սակայն այդ դեպքում էներգակիրները պետք է գնեք միջազգային գներով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը կարծում է, որ դեռևս վաղ է խոսել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համարժեքության մասին: «Գիտեք համարժեքության մասին խոսելը կարծում եմ դեռևս վաղ է: Կարծում եմ հիմա ճիշտ է խոսել այդ երկու համակարգերի համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել ԵՄ-ին՝ հաշվի առնելով, որ Հենրիխ Մխիթարյանն, իհարկե, «արտահանման» շատ լավ նախադեպ է, ՀՀ Նախագահն արձագանքել է հետևյալ կերպ. «Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց ամենակարևորը մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան»:

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունից՝ Սերժ Սարգսյանն նշել է, որ նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հրավիրել է Հայաստան նշելու հաջող համագործակցության 25-ամյակը: «Մեզ այդ գործընկերությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ»,- ամփոփել է ՀՀ Նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում