Հայաստանն անվտանգության սպառողից վերածվել է մատակարարողի. Սերժ Սարգսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության և կայունության հաստատման հավաքական ջանքերում` անվտանգության սպառողից վերածվելով անվտանգություն մատակարարողի: Այդ մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանն իր նպաստն է բերում աշխարհի անվտանգության ու կայունության ապահովման գործին՝ քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, անվտանգային մարտահրավերները պատկանում են առանձին երկրների և բոլորին: Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը: Կոսովոյում և Աֆղանստանում իր ընդգրկվածությանը զուգահեռ՝ այսօր մեր խաղաղապահները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը դաշինքի անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, ուրախ եմ նաև, որ մեր զինվորականներն այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ և պատասխանատու մասնակիցներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը՝ վստահություն հայտնելով, որ խաղաղապահ առաքելությունների շրջանակում ձեռք բերված միջազգային փորձառությունն ու կարողությունները մեր զինվորականները լավագույնս կծառայեցնեն մեր երկրի բանակաշինության գործին: