Տարածաշրջանային

«Ակոս» պարբերականը շարունակելու է լինել հայկական համայնքի ձայնը. Եդվարդ Դանզիկյան

2 րոպեի ընթերցում

«Ակոս» պարբերականը շարունակելու է լինել հայկական համայնքի ձայնը. Եդվարդ Դանզիկյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականը հիմնադրի` Հրանտ Դինքի մահից հետո էլ թերթը շարունակում է նրա սկսած ուղով ընթանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutsche Welle պարբերականին ասել է «Ակոս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

«Առաջին օրվանից ի վեր փորձում ենք արժանի լինել Հրանտ Դինքի կողմից ողջ կյանքի ընթացքում հանուն խաղաղության և երկխոսության մղած պայքարին»,- նշել է Դանզիկյանը:

Խմբագիրը հայտնել է, որ թեպետ «Ակոս»-ը շարունակում է գործունեությունը դժվար պայմաններում, սակայն իր լրատվությամբ նպատակ ունի նպաստել հասարակության և պետության կողմից Հրանտի մահվանը հանգեցրած մթին կառույցի հետ առերեսմանը: «Ի վերջո «Ակոս»-ը ոտքի վրա պահողը հայկական համայնքն է: Դրա կողմից տրվող փոքր հայտարարություններով, բաժանորդագրության օգնությամբ էլ աշխատում ենք մնալ ոտքի վրա: Թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը մեզ մոտիկից հետևում են` որպես Թուրքիայում հրատարակվող հայկական թերթ: Անկախ ամեն ինչից` մենք շարունակելու ենք լինել հայկական համայնքի ձայնը»,- նշել է Դանզիկյանը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայում հայկական հարցը շարունակում է ցավոտ համարվել: Որպես ասվածի ապացույց` նա հիշեցրել է, թե ինչպես թուրքական մեջլիսում Գարո Փայլանը երեք նիստով հեռացվեց խորհրդարանի աշխատանքներից «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար: «Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից առաջին անգամ չկիրառեց «ցեղասպանություն» եզրույթը: Ավելի վաղ ևս ասել էր: Սակայն հասկանում ենք, որ տվյալ ժամանակաշրջանի ոգին նման արձագանք է ծնում»,- ասել է Դանզիկյանը`փաստելով, որ շատ բարդ է հասկանալ, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայկական հարցում ինչն է անում անկեղծորեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում