ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կենտրոնական բանկի եւ նավթային պետական հիմնադրամի հերթական համատեղ աճուրդից հետո սեւ շուկայում դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային սահմանաչափի: Կենտրոնական բանկի հայտարարած և սև շուկայի իրական փոխարժեքների տարբերությունը տասը տոկոսին ավելին է: Հերթական արտարժույթային աճուրդից հետո Ադրբեջանի կենտրոնական բանկը դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը սահմանել է 1,7525 մանաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը հասել է 1,95 մանաթի:
Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը եւ իրավապահ մարմինները սկսել են լուրջ վերահսկողություն սահմանել սեւ շուկայի վրա: Ադրբեջանի սեւ շուկայում իրավապահ մարմինները սկսել են լայնածավալ գործողություններ իրականացնել,տեղի են ունեցել արտարժույթի անօրինական առքուվաճառքով զբաղվող անձանց ձերբակալություններ: Ձերբակալությունները և դոլարի առաջարկի նվազումը սև շուկայում հանգեցրել է նոր լարվածության: Սեւ շուկայի դեմ տարվող պայքարի հետեւանքով սեւ շուկայում դոլարի առք ու վաճառքով զբաղվողների թիվը պակասել է, նրանք դոլարի գնի շուրջ վստահում են սակարկել միայն ծանոթների հետ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական մանաթի պաշտոնական փոխարժեքը նվազել է 10 տոկոսով: 2016 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,5969 մանաթ: