Տնտեսություն

Հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են մեկնել Վրաստան, Հունաստան, Եգիպտոս և Իսպանիա

2 րոպեի ընթերցում

Հայաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են մեկնել Վրաստան, Հունաստան, Եգիպտոս և  Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության նպատակով 2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից մեկնել է 903 հազար 541 մարդ. 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3 %-ով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով`ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտագնա զբոսաշրջության նպատակով հիմնականում Հայաստանից մեկնում են ծովափնյա երկրներ: «Այդ առումով Վրաստանը մեզ ամենամոտն է և ամենամատչելին է, մուտքի արտոնագիր չի պահանջվում: Կարծում եմ, դրանով է պայմանավորված սեզոնային զբոսաշրջության ավելացումը Վրաստանում: Հայ զբոսաշրջիկները, Վրաստանից բացի, հիմնականում նախընտրում են նաև Հունաստանը, Եգիպտոսը, Իսպանիան»,-ասաց նա:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ տարեցտարի հայերի մոտ ավելանում է նաև այնպիսի երկրների նկատմամբ հետաքրքրությունը, որոնք, բացի ծովային հանգստից, առաջարկում են նաև հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` պատմամշակութային և այլն: «Միաժամանակ, այստեղ պետք է հաշվի առնել այն, որ շուկայում աստիճանաբար ավելի նկատելի է դառնում նոր երկրներ ու նոր փորձառություններ փնտրելու միտումը»,-ասաց Զեյթունցյանը:

Հայերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաեւ Հայաստանի տեսարժան վայրերում: Համաձայն սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացված տեղեկատվությունների` 2015թ. և 2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում սոցիալական փաթեթի շրջանակներում զբոսաշրջային փաթեթներ և առանձին հյուրանոցային ծառայություններ իրացվել են հիմնականում դեպի Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան, Հանքավան, Աղվերան, Ջերմուկ եւ Ստեփանավան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում