Տնտեսություն

Սուրեն Կարայանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Սուրեն Կարայանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում էին ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավարի տեղակալ Ադրիանո Մարտինսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և գրասենյակի այլ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ կարևորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը և ակնկալում է այդ համագործակցության արդյունավետ շարունակությունն ու հետագա զարգացումը: Անդրադառնալով 2017-2020թթ. ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք աջակցությանը` նախարարը ներկայացրել է աջակցության առաջնային նախընտրելի ուղղությունները, հատկապես կարևորելով բիզնես միջավայրի և ՓՄՁ քաղաքականության, ինչպես նաև առևտրի դյուրացման ուղղությունները: Վերջիններս հատկապես կարևորվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված տնտեսական բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են ՀՀ տնտեսությունում ներդրումների աճին, արտահանման խթանմանը, ՓՄՁ-ների միջազգայնացմանը և դրանց համար ֆինանսական հասանելիության բարելավմանը և արդյունքում՝ կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Վասիլիս Մարագոսը կարևորել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից: Նա բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դիրքորոշումը` 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությունների վերաբերյալ: Վ. Մարագոսը կարևորել է նաև Փարիզում Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիական շաբաթ» նախաձեռնությունն ու դրա շրջանակներում իրականացվող համագործակցությունը:

Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդյունավետ գնահատելով Հայաստանում ՏՀԶԿ-ի գործունեությունը, ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը «Եվրասիական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության շարունակականության վերաբերյալ և նշել, որ նախորդ տարիներին նախաձեռնության աշխատանքներին հայկական կողմից ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2017թ. մեկնարկելիք Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի նոր շրջափուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում