Քաղաքականություն

ԱՄԷ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցով զարկ կտրվի երկու երկրների տնտեսական համագործակցությանը. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԱՄԷ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցով զարկ կտրվի երկու երկրների տնտեսական համագործակցությանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցով զարկ կտրվի երկու երկրների տնտեսական համագործակցությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` ամփոփելով նախագահի այցը:

«Հպարտության պահ ենք ապրում: Ինչպես գիտեք, Հայաստանից վերջին պաշտոնական այցը եղել է 2002 թվականին, փաստորեն, գրեթե 15 տարի հետո ՀՀ նախագահի պաշտոնական այց իրականացվեց: Էմիրություններում ամենաբարձր մակարդակով ընդունելություն էր, ջերմ վերաբերմունք կար թե ՀՀ նախագահի, թե Հայաստանի նկատմամբ»,-ասաց Գեղամ Ղարիբջանյան:

Դեսպանը նշեց, որ շեշտադրումները տնտեսական հարցերի վրա էին: Նրա խոսքով, բոլոր այն ծրագրեր, որոնց մասին ՀՀ նախագահն ասաց բիզնես ներկայացուցիչների, հայ համայնքի հետ հանդիպմանը, իրագործվելու են:

«Մնում է բոլորս փորձենք լավ ու ծրագրավորված աշխատել: Ասեմ, որ դեսպանությունն իր ամբողջ կարողություններով առավելագույնն անում է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հիմա տնտեսական համագործակցության փուլ ենք մտնում, հետևաբար պետք է ամեն ինչ անենք` զարգացում ապահովելու համար: Էմիրությունների կողմից հետաքրքրվածություն կա գյուղատնտեսության, տուրիզմի, համատեղ ձեռնարկություններ հիմնելու ուղղությունների նկատմամբ: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ նախորդ երկու տարիներին քառապատկվել են էմիրություններից Հայաստան այցելությունները: Այցելուները տպավորված են հայերի վերաբերմունքով և Հայաստանում ապահով լինելու հանգամանքով»,-ասաց դեսպանը:

Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ Էմիրությունների ներդրողները հանձնարարականներ են ստացել, պատրաստվում են պատվիրակություն ուղարկել Հայաստան` տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էր: Այցի շրջանակներում նախագահն առանձնազրույց է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Եղել են մի շարք այլ պաշտոնական հանդիպումներ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ: ՀՀ նախագահն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում