Պաշտոնական

Սերժ Սարգսյան ընդունել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյան ընդունել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 19-22-ը, Երևանում և նվիրված է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին ու ինստիտուտին Հայաստանի անդամակցության 25-ամյակին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում, որի շրջանակներում մեկ հարկի տակ են հավաքվել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 17 անդամ պետություններից անվանի գիտնականներ, բարձրաստիճան հյուրեր, ինստիտուտի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Անվանի գիտնականների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները և հավաքը մեկ տեղում Սերժ Սարգսյանը լավ հնարավորություն է համարել գիտական հանրության ներկայացուցիչների և հատկապես երիտասարդ գիտնականների համար՝ գիտության ասպարեզում բարձր նվաճումների հասած անհատականությունների հետ անմիջական շփում ունենալու առումով: Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները ոչ միայն գիտական, այլ նաև տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անձանց միջև երկխոսության հնարավորություն է՝ միտված համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն ու ոլորտի արդիական խնդիրների քննարկմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է միջազգային գիտական ծրագրերին հայ գիտնականների ակտիվ մասնակցությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը և խրախուսում է Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը:

Վիկտոր Մատվեևը իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար, անդրադարձել ինստիտուտի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանն ինստիտուտին անդամակցումից ի վեր՝ անցած 25 տարիներին բավականին ակտիվորեն է մասնակցել ինստիտուտի գործունեությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում