Քաղաքականություն

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը. Պուտին

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներն ուրբաթ կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը հոկտեմբերի 14-ին մասնակցել է ՀԱՊԿ Երևանում կայացած նստաշրջանին։

«ՀԱՊԿ-ն ստեղծվում էր արտաքին բնույթի սպառնալիքները սահմանափակելու համար։ Մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն բանին, ինչը տեղի է ունենում նաև մեր կողքին, բայց նաև պետք է ձգտենք այն բանին, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են բաժին հասել անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա։ Այդ ենթատեքստում էլ մենք քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդիրը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա նշել է, որ Երևանում քննարկվել են նաև «որոշակի լարվածություններ» Խորհրդային Միության այլ նախկին հանրապետությունների միջև։ Պուտինի խոսքով՝ «մեզ համար նույնիսկ կարևոր չէ, մտնում է թե չի մտնում այս կամ երկիրը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ»։

«Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ , պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Եվ դրանք շատ ավելի սերտ են, այդ հարաբերությունները, և ավելի խորը, քան ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունները։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- հավելել է ՌԴ նախագահը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում