3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում կազմակերպված դեղագործությանն առնչվող թեմատիկ նիստի ընթացքում քննարկվել են ոլորտի ներդրումային հնարավորությունները, արտադրական հզորությունները, հեռանկարային ճյուղերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, համաժողովին Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանդես է եկել ընդարձակ շնորհանդեսով: «Հայաստանի դեղագործության ոլորտը վերջին տարիներին երկրի ամենադինամիկ զարգացողներից մեկն է, որն առավել արդիական է դառնում երկրի տնտեսության համար: Այդ փաստի հիմքում բարձր որակավորված մասնագետները և նորարարությունների ներդրմամբ իրականացված հետազոտություններն են: Դեղագործության ոլորտը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական ոլորտ դարձավ արտահանման աճող ներուժի և ներդրումային գրավչության շնորհիվ: Անցած 10 տարում Հայաստանի դեղագործության ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 1 միլիոն ամերիկյան դոլարից հասնելով 15 միլիոնի՝ վերջին 5 տարում ապահովելով տարեկան 20 տոկոս աճ: Հայկական դեղագործության ոլորտի ընդհանուր արտադրանքի կեսից ավելին արտահանվում է՝ տարեկան աճելով միջինը 20 տոկոսով և աճող եկամուտների, պետական քաղաքականության ու միջազգային ստանդարտների ներդրման շնորհիվ շարունակական աճ է ակնկալվում: Երկրի ներքին շուկան գուցե փոքր է, բայց Հայաստանը դյուրացված մուտք է առաջարկում հարևան և արագ աճող ԱՊՀ, ինչպես նաև զարգացող, ներառյալ՝ Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ»,- նշված է դեղագործության ոլորտը ներկայացնող հիմնական զեկույցում:
Լիագումար նիստի բանախոս “Fountain Medical Development” ընկերության (ոլորտում հզորությամբ երկրորդը Չինաստանում) գործադիր տնօրեն Դան Ժանգն իր ելույթում նշել է. «Երկու տարի առաջ Հայաստան մուտք գործելու իմ որոշումը գործընկերներիս շրջանում տարակուսանք առաջացրեց, սակայն հիմա արդեն մեր ընկերությունն ընդլայնվեց և սկզբնական շրջանում մեկ աշխատակցից արդեն վերաճել է 85-ի, և իրականացնում է տասնյակ հետազոտություններ, ընդլայնվում են կարողությունները և ծրագրվում է հետազոտությունների թիվը հասցնել 400-ի»։ Տեղեկանալով, որ Հայաստանում նախատեսվում է բժշկական նշանակության ռադիոիզոտոպների արտադրություն, Դոկտոր Ժանգը ներկաներին վստահեցրել է, որ դա շեշտակիորեն կմեծացնի դեղերի առաջնային կլինիկական հետազոտություններ իրականացնելու իրենց հնարավորությունները։
Ներդրողների ուշադրությանը ներկայացված՝ դեղագործության ոլորտի վերաբերյալ կազմված ուղեցույցն ընդգրկում է նաև տեղեկություններ ներդրումային միջավայրի օրենսդրության, հեռանկարային ճյուղերի վերաբերյալ: