Արցախ

Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում, շրջանի համայնքապետների և խոշոր հողամշակների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը հադրութցիների հետ շարունակել է նախօրեին Մարտակերտում ծավալած՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցերի քննարկումը: Նա, մասնավորապես, անդրադարձել է շրջանում առկա գյուղատնտեսական ներուժին, ստացված արդյունքներին և չիրացված մեծ հնարավորություններին: Գործադիրի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է հայեցակարգի նախնական դրույթները և նշել, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո դրանք կյանքի կոչելու համար կառավարության կողմից զգալի չափով ֆինանսական նոր միջոցներ կհատկացվեն:

«Կառավարությունը գերադասում է տնտեսության իրական աճի արդյունքում գոյացած միջոցների մի զգալի մասն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը՝ սոցիալական նոր ծրագրերի փոխարեն: Դա մեզ հնարավորություն է տալու հանրապետությունում արտադրել մրցունակ ու էժան գյուղմթերք, որն էլ հեռանկարում ընդհանուր քաղաքականության մեջ իր բարերար ազդեցությունն է թողնելու նաև սոցիալական խնդիրների մեղմացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հայեցակարգի առանձին դրույթների վերաբերյալ ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն, ով հորդորել է Հադրութի հողօգտագործողներին ակտիվորեն ներգրավվել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք դասընթացներին: Նախարարի խոսքով՝ Արցախում առաջին անգամ կազմակերպվող այդ դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալու ունենալ մասնագիտական գիտելիքներ՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և ստանալ պետական համապատասխան աջակցություն:

Հանդիպման վերջում ներկաների միջև մտքերի փոխանակում է տեղի ունեցել բարձրացված հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում