Հայ շինարարներին միավորում է մեծացող ու հզորացող կառույց. Հայաստանում կնշվի Շինարարի օրը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 2-րդ կիրակին արդեն մոտ երկու տասնամյակ նշվում է Շինարարի օրը: Այն լավագույն առիթ է արժանին մատուցելու և գնահատելու հայ շինարարին, արժևորելու կատարված աշխատանքն ու նախանշելու ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Մասնագիտական տոնի առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի շինարարների միության գլխավոր տնօրեն Գուրգեն Մինասյանի հետ և պարզել, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել և ինչ գործունեություն է ծավալում Հայաստանի շինարարների միությունը:

-Պարոն Մինասյան, ի՞նչ գործունեություն է ծավալում Հայաստանի շինարարների միությունը:

-1996 թվականին ստեղծվել է «Հայաստանի շինարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը 1999 թվականի նոյեմբերի 10-ին վերակազմավորվել է Հայաստանի շինարարների միության՝ որպես ոլորտի գործարար շահերը ներկայացնող ու պաշտպանող ոչ կառավարական կազմակերպություն: Այս տարիների ընթացքում ընդարձակվել են միության գործունեության ուղղությունները: Մենք ունենք տարբեր մոտեցումներ և՛ պետական գերատեսչական մարմինների, և՛ միջազգային կառույցների հետ հարաբերություններում:

Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ միության անդամների կտրուկ ավելացումը: Եթե 10 տարի առաջ միության անդամները 40-50 կազմակերպություններ էին, ներկայում անդամագրված են ավելի քան 90 շինարարական, նախագծային, արտադրության և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններ: Քանակի մեջ կա նաև որակ, քանզի այդ անդամները հանրապետության քաղաքաշինության ոլորտի ամենահեղինակավոր և ամենախոշոր կազմակերպություններն են: Այսօր Հայաստանի քաղաքաշինության ոլորտում կա մոտ 2 հազար լիցենզավորված կազմակերպություն, որոնցից միայն 700-800-ն են գործում: Միության անդամների կատարած աշխատանքը, սակայն, տեսակարար կշռի գրեթե կեսն է ընդհանուր քաղաքաշինության ոլորտում: Միությունը համագործակցում է ոչ միայն տարբեր երկրների շինարարների միությունների, այլ նաև աշխարհահռչակ կազմակերպությունների հետ:

Այս տարի մենք սկսել ենք համագործակցել գերմանա-ավստրիական «STRABAGAG»ընկերության հետ, որը համարվում է Եվրոպայի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը: Կարծում եմ, այս համագործակցությունը կտա իր պտուղը, և շինարարության ոլորտում բազմաթիվ ծրագրեր կիրականացվեն:

-Ո՞րն է Հայաստանի շինարարների միության առաքելությունը. երկրում շինարարների շահերի պաշտպանության և ոլորտի զարգացման առումով:

-Շինարարներ միությունը կոչված է՝ նպաստելու հանրապետությունում գործարարության և ձեռնարկատիրության զարգացմանը, պաշտպանելու և ներկայացնելու միության անդամների միացյալ շահերը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալու որպես հայցվոր և պատասխանող, նպաստելու շինարարական համալիրի կազմակերպությունների միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համակարգելու միության անդամների գործունեությունը` համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման համար, մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության մասին օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը:

Միությունն այսօր ակտիվ դիրքորոշում է հանդես բերում ոլորտի զարգացմանը խոչընդոտող երևույթները կանխելու նկատմամբ: Այն կարևոր մասնակցություն ունի կառավարության որոշումների և օրինագծերի նախապատրաստմանը՝ ներկայացնելով իր հայեցակարգային մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ:

-Ինչպիսի՞ն է ՀՇՄ-ի գործունեությունը և ներգրավվածությունը պետական կառույցներում:

-ՀՇՄ-ն ներկայացված է նախագահի կողմից ստեղծված Հանրային խորհրդում, վարչապետին կից գործարարության աջակցության խորհրդում, Քաղաքաշինության կոլեգիայում և այլն: Միությունը նաև Քաղաքաշինության և Էկոնոմիկայի նախարարությունների հանձնաժողովների անդամ է: Սերտորեն համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ։ Մենք շատ լուրջ մասնակցում ենք «Քաղաքաշինության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների մշակմանը և փոփոխությանը: Վերջերս նաև շատ ակտիվ մասնակցություն ունեցանք Հարկային օրենսգրքի նախագծի փոփոխությանը: ՀՇՄ-ն գործուն աջակցություն է ցուցաբերում ոչ միայն ոլորտի, այլև պետության համար կարևոր նշանակություն ունեցող շատ այլ խնդիրների լուծմանը:

- Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի լրանում է Հայաստանի Շինարարների միության 20-ամյակը, միության կողմից հրատարակված «ճարտարապետություն և շինարարություն» ամսագրի 10-ամյակը և ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակը: Ինչպիսի՞ն է միության համագործակցությունը համալսարանի հետ:

-Հայաստանի շինարարների միությունը միշտ համագործակցել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ: Միության ջանքերով վերանորոգվել են լսարաններ և լաբորատորիաներ: Համալսարանի ավագ դպրոցն ամբողջությամբ Շինարարների միության անդամների միջոցներով վերակառուցվեց: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ով երկու տարի է նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտորն է մշտապես աջակցել և աջակցում է կրթական ոլորտին՝ մեր շինարարների մայր բուհի զարգացմանը, քանզի որակյալ մասնագետները շինարարական ոլորտի զարգացման շարժիչ ուժն են: Շինարարների միությունը սոցիալական գործընկերության սկզբունքով ներգրավված է միջին մասնագիտական կադրերի պատրաստման և կրթական բարեփոխումների ծրագրերում:

-Քաջատեղյակ լինելով շինարարության ոլորտից՝ ի՞նչ հիմնական խնդիրներ կառանձնացնեք:

-Ցավոք, 2008 թվականից մինչև 2015 թվականը Հայաստանում շինարարության ծավալը երկու անգամ նվազել Է:

Խնդրի կարգավորման համար կարծում ենք պետք է ներդրումային լավ պայմաններ ստեղծվեն, որպեսզի շինարարությունը զարգացում ապրի: Շատ կարևոր է նաև, որ մեր շինարարական շուկան ունենա գնագոյացման ճիշտ քաղաքականություն: Մեր միության փորձագետները վերլուծում են և փորձում են լուծումներ գտնել այս և մնացած խնդիրներին:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

Հ.Գ. Օգոստոսի երկրորդ կիրակին Հայաստանում նշվում է Շինարարի օրը: Այս մասնագիտական տոնի պատմությանը սկիզբ է առել դեռ խորհրդային ժամանակաշրջանից. այն նշվել է Խորհրդային Միությունում 1956 թվականից, իսկ վերջին տասնամյակում տոնը վերականգնվել է Հայաստանի շինարարների միության ջանքերով:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը շնորհավորում է Հայաստանի շինարարներին և մաղթում առողջություն և հաջողություններ պատվաբեր աշխատանքում:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ