Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է առանց հաղթողների ու պարտվողների. Պուտին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթնաժողովն ու Ադրբեջանի նախագահի հետ օգոստոսի 8-ին կայացած հանդիպման արդյունքները: Այս մասին նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը հետաքրքրված է մեր հարևանների հարաբերությունների լարվածության թուլացմամբ: Կշարունակենք ցուցաբերել որոշակի ջանքեր «ղարաբաղյան թնջուկի» հանգուցալուծման փնտրտուքները Մինսկի խմբի համանախագահների գործունեության շրջանակներում, ինչպես նաև Երևանի ու Բաքվի հետ ուղղակի կապերի միջոցով: Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գնալ առկա հակասությունների փոխզիջումային կարգավորմանը՝ առանց հաղթողների ու պարտվողների»,- վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը` Պուտինի խոսքերը փոխանցում է «Արմենպրես»-ը:

Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումն անցել է ընկերական, փոխվստահության և կառուցողական միջավայրում:

«Սերժ Սարգսյանն ինձ տեղեկացրել է երևանյան վերջին իրադարձությունների մասին, ինչը ես կանվանեի ողբերգական իրադարձություններ՝ կապված գերիներ վերցնելու հետ: Ուզում եմ շեշտել, որ հենց սկզբից Ռուսաստանը դատապարտել է զինված խմբի ակցիան: Անընդունելի ենք համարում ներքաղաքական հարցերը ոչ լեգիտիմ, ապակառուցողական գործողությունների միջոցով լուծելու փորձերը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

ՌԴ նախագահը նշել է, որ բանակցությունների ընթացքում դիտարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի և ներդրումների ոլորտում: «Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է: Մեր երկրին է բաժին հասնում Հայաստանի առևտրաշրջանառության մեկ չորրորդը: 86 տոկոսով ավելացել են Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումները: Ամրապնդվում է ներդրումային փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալի ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի: Դա կազմում է Հայաստանի արտաքին ներդրումների 40 տոկոսը: Հայաստանում աշխատում են մոտ 1.3 հազար ռուսական ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության առանցքային ոլորտներում՝ գազային, տրանսպորտային, հեռահաղորդակցության, ֆինանսական»,-ասել է նա՝ նշելով մի շարք խոշոր ներդրողների անուններ, ինչպիսիք են Գազպրոմը, Ռոսատոմը, Հարավկովկասյան երկաթուղիները: ՌԴ նախագահը ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա է հաղորդել 2015-ից ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բանակցության ընթացքում կողմերը ընդգծել են կրթական, գիտական, մշակութային ոլորտներում փոխազդեցության բարձր մակարդակը: «Այսպիսով, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում և ռուսական համալսարանների 8 մասնաճյուղերում սովորում են մոտ 3.5 հազար ուսանողներ: Ավարտվել է Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի առաջին կրթական տարին, ներկայում քննարկվում է Հայաստանի մայրաքաղաքում ռուսախոս գիմնազիայի հիմնման հարցը:

Խոսել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության մասին, որը ներկայում գլխավորում է Հայաստանը: Հոկտեմբերին Երևանում նշանակած է կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որում Ռուսաստանը ևս մասնակցություն կունենա»,-եզրափակել է ՌԴ նախագահը:

Հայերեն English Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը