Գյումրիի սոցիալական բնակարանաշինության ծրագրի առաջին փուլում շահագործման կհանձնվի 12 բնակարան
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սոցիալական բնակարանաշինության ծրագիրը նախագծանախահաշվային փուլում է:
Այս մասին օգոստոսի 5-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մանրամասներն ու առաջիկա անելիքները:
Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով այս տարվա հուլիսի 6-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագիրը նպատակ ունի «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել է սոցիալական բնակարանով: Բնակարանների կառուցման գործընթացը նախագծանախահաշվային փուլում է: Բնակարանների կառուցման շինաշխատանքները կբաժանվեն փուլերի: Աշխատանքների առաջին փուլում նախատեսված է Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույց շենքից բնակարանների կառուցումը հասցնել ավարտին: Նախատեսված է առաջին փուլում 12 բնակարան հանձնել շահագործման:
Քաղաքապետն, իր խոսքում ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ սոցիալական բնակարանների կառուցման գործում քաղաքապետարանն իր ներդրումը կունենա:
Հուշագրի ստորագրման օրը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը նշել էր, որ Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման գաղափարի հիմքում ընկած է «Գյումրին առանց տնակների» ծրագրի մասին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը:
Կողմերը վստահ են՝ համագործակցության արդյունքում ունենալու են շատ լավ ծրագիր, որը նաև կունենա իր շարունակությունը: