Ազատության հրապարակում կայացել է հերթական հանրահավաքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է հերթական հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցողները իրենց դիտարկումներն ու պահանջներն են ներկայացրել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Միաժամանակ հավաքվածները պահանջել են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին, իսկ ՊՊԾ գունդը գրաված զինյալներից Պավել Մանուկյանը տեղափոխել Էրեբունի հիվանդանոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասարակությանը հայտնի անձանցից ելույթ են ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը և այլք:
Ելույթ ունեցողները կարևորել են հասարակության հետագա ակտիվության պահպանումը և համակարգված գործունեությունը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:
Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:
Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել: