Գալու է ժամանակ, երբ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը. Սերժ Սարգսյան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության իրականացման համար հայերը չեն մեղադրում թուրք ժողովրդին, մեղադրում են այն իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես վերջերս հնարավորություն ունեցա շփվելու գերմանական լրատվամիջոցների հետ և նրանց ասացի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի օրինակը շատ ազդեցիկ է. նա փաստորեն Թուրքիային ասաց` արա այնպես, ինչպես արել եմ ես և դրանից չես տուժի: Գերմանացիները, ճանաչելով Հոլոքոստը, դրանից բնավ չեն տուժել, նրանք շատ սթափ նայել են ու առերեսվել սեփական պատմության հետ և հաղթող են դուրս եկել: Նրանց վրա իրենց պատմությունը ճնշում չի գործադրում, մինչդեռ հիմա թուրքերն իրենց պատմության ճնշման տակ են:
Բոլոր ժողովուրդներն էլ գնահատում են իրենց պատմությունը, բայց հայտնի է, որ պատմության ընթացքում լինում են առաջնորդներ, իշխանություններ, ովքեր ժողովրդին սխալ ճանապարհով են տանում: Երբ, ի վերջո, տվյալ ժողովրդի, ազգի կողմից դա գնահատում է սթափ ու օբյեկտիվ, ապա այդ ճնշումը վերանում է: Իսկ հիմա թուրքերն ի՞նչ են ասում, նրանք ասում են` թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործել: Բայց մենք չենք ասում, որ դա թուրք ժողովուրդն է իրականացրել, մենք չենք մեղադրում թուրք ժողովրդին, մենք մեղադրում ենք այն իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Հիմա էլ մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մեղադրում ենք այսօր նրանց, ովքեր ժխտում են, մենք ժխտողականությունն ենք դատապարտում: Որևէ մեկն ինձնից մի թթու խոսք երբեք չի լսել թուրք ժողովրդի մասին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ կգա ժամանակ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գիտեք, կարծում եմ գալու է ժամանակը, երբ Թուրքիայի իշխանությունները շատ հանգիստ են արձագանքելու այս փաստին, որովհետև եթե մի քիչ հետ նայելու լինենք, կտեսնենք, որ 5, 7, 10 տարի առաջ բոլորովին այլ կերպ էին արձագանքները, իսկ հիմա` այլ: 10 տարի առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում Ցեղասպանության տարելիցի օրը թուրքերը կարող են դուրս գալ փողոց և համերաշխություն հայտնել հայերի հետ: Հիմա կան այդ փաստերը, և դրանից չես կարող փախչել: Գալու է ժամանակ, որ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարություններին թուրքական կողմից հնչեցված արձագանքներին` փաստելով, որ թուրքական իշխանավորներն այդպես են արձագանքում բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը:
«Մեզ համար զարմանալի ոչինչ չկա: Շատերը տարակուսանք են հայտնում, թե ինչու Պապը շեշտեց այդ հանգամանքը, արտաբերեց «ցեղասպանություն» բառը: Բայց եթե քաղաքական կամ հոգևոր գործիչը կամ ընդհանրապես մարդը, ով ունի համոզմունքը, իր պատկերացնումներն իրերի ու իրադարձությունների վերաբերյալ, ապա ինչո՞ւ նա պետք է դրանք ինչ-որ դեպքերում պահի, ինչու չպետք է ասի: Առավել ևս, որ անցյալ տարի Վատիկանում տեղի ունեցած պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին շահարկել, թե իբր Պապը փոխել է իր վերաբերմունքն ու չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Կարծում եմ` Պապն այն մարդկանց թվին չի պատկանում, ովքեր ինչ-որ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենք համոզմունքը: Պապը դեռևս հոգևոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմիցս Ցեղասպանություն է ասել, տասնամյակներ շարունակ շփվել է այն մարդկանց հետ, ովքեր մազապուրծ են եղել Ցեղասպանությունից կամ նրանց զավակներն են: Ինչպե՞ս կարող էր նա այլ կերպ վարվել»,- ասել է ՀՀ Նախագահը: