Տարածաշրջանային

Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան առաջին հայտարարությունն է արել՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն անվանելու փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «մեծ դժբախտություն» է անվանել Պապի հայտարարությունը:

Նա նշել է, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ, դա բոլորը գիտեն, ողջ աշխարհը գիտի»,- ասել է Ջանիկլին:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:

Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:

Թուրքական լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել էին այս հայտարարությանը՝ լայնորեն լուսաբանելով այն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում