Գյումրիում խանդավառություն է. մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվող Սուրբ Պատարագը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատարագին աղոթակցելու է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, համապատարագելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրին բարձր տրամադրությամբ է դիմավորում կաթոլիկ աշխարհի առաջնորդին: Չնայած քաղաք մտնող և կենտրոնական հրապարակ մտնող ճանապարհները փակ են, սակայն դա չի խանգարում տասնյակ հազարավոր հավաքվածների խանդավառությանը: Այս պահին արդեն Գյումրիում են հազարավոր ուխտավորներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: Մինչև ուշ գիշեր քաղաք են ժամանել հայ կաթողիկե ուխտավորներ ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից: «Հոկտոմբեր» կինոթատրոնում բացված մամուլի կենտրոնում հարյուրավոր լրագրողներ են: Մտավախությունը, որ բեմը պատրատ չի լինի պապի այցին, առավոտյան ի չիք է դարձել, ողջ գիշեր բոլոր ընկերություններն աշխատել են և խորանն արդեն պատրաստ է: Պատարագը կկատարվի լատինական ծեսով` ուղեկցվելով նաև հայկական շարականներով:

Ավելի ուշ նախատեսում է Հռոմի պապի հանդիպումը Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում, համայն կաթոլիկների առաջնորդը կայցելի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար, կլինի նաև Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում:

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը: Սրբազան քահանայապետը ժամանեց ՀՀ նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Պապը հանդես եկան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:

Հունիսի 25-ի վաղ առավոտյան Սրբազան քահանայապետն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Օրվա ընթացքում Սրբազան քահանայապետը Գյումրիից կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան