Ադրբեջանի պահվածքը լավատեսություն չի ներշնչում. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կիսաքայլեր արվեցին, ինչը դեռևս հնարավորություն է թողնում Ադրբեջանին վերադարձնել բանակցային գործընթաց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

-Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք Սարգսյան-Պուտին-Ալիև վերջին հանդիպումից: Արդյո՞ք դրական տեղաշարժեր եղան:

-Նախ փաստենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը մեկ ամիս առաջ Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Այսպես ասած, տեղաշարժերի առումով կարելի է առանձնացնել համատեղ հայտարարությունում ամրագրված, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ընդլայնման հարցը, որի շուրջ տևական ժամանակ է քննարկումներ էին ընթանում, սակայն Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ընդունում այս առաջարկը: Քննարկման օրակարգում է նաև շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցը, ինչին Ադրբեջանը Վիեննայում համաձայնություն տվել է, սակայն ամեն գնով փորձում է շրջանցել այն:

Այս երկու առաջարկները փոխկապակցված են միմյանց և պետք է կյանքի կոչվեն զուգահեռ: Սակայն այս պահին մենք դեռևս խոսում ենք թղթի վրա գտնվող հայտարարությունների մասին, որոնց իրագործման հարցը դեռ անորոշ է՝ նկատի ունենալով Ադրբեջանի անկայուն վարքագիծն ու պայմանավորվածությունների խախտման հաճախակի փաստերը:

Ըստ էության, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կիսաքայլեր արվեցին, ինչը դեռևս հնարավորություն է թողնում Ադրբեջանին վերադարձնելու բանակցային գործընթաց: Առհասարակ գնահատականներում զուսպ կլինեմ, որովհետև Ադրբեջանի պահվածքը լավատեսություն չի ներշնչում:

-Խոսվեց հետաքննական մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքային թիմի ընդլայնման մասին: Հաշվի առնելով այն, որ նախկինում Ադրբեջանը հանդես է եկել ապակառուցողական դիրքորոշմամբ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս անգամ ևս գործընթացը ձախողման չի տանի:

-Ոչ մի երաշխիք չկա, որ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև, ցավոք, 1994 թվականից ի վեր, ձգվող բանակցային գործընթացի տարբեր փուլերում ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից պրոցեսը կաթվածահար անելուն: Միջազգային դիտորդների թվի ավելացումը կամ հետաքննական մեխանիզմների ներդրումը լրացուցիչ զսպող գործոններ են, սակայն գործընթացի կանոնավոր ընթացք չեն երաշխավորում: Սրանք այն նվազագույն քայլերն են, որոնք ուղղված են կողմերի միջև վստահության ստեղծմանը, ինչն առավել բարդացել էր ապրիլյան իրադարձություններից հետո:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այս օրերին Ադրբեջանի կողմից զորավարժությունների անցկացումը: Նախագահների հանդիպմանն ընդառաջ նման զորավարժություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

-Նման մասշտաբի զորավարժությունների անցկացումն առհասարակ անցանկալի է, մանավանդ, այսպիսի փխրուն փուլում և նախագահների հանդիպումից անմիջապես առաջ:

Ապրիլյան իրադարձություններից 2 ամիս է անցել, ճիշտ է՝ իրավիճակը շփման գծում էականորեն լիցքաթափվել է, խոշոր կուտակումներ առանձնապես չկան, սակայն նման քանակությամբ ռազմական տեխնիկայի ու մարդկային ռեսուրսի առկայությունն առաջնագծից 15-20 կմ հեռավորության վրա ինքնին լրացուցիչ լարվածություն է հաղորդում:

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժությունների միջոցով նվազագույն մեկ խնդիր էր լուծում՝ նախագահների մակարդակով հանդիպումից առաջ «մուսկուլներ» ցուցադրել՝ փորձելով ճնշումներ գործադրել ինչպես Հայաստանի, այնպես էլ խնդրի խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրող միջնորդների վրա:

Հայերեն English Русский

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար