Մշակույթ

Հայաստանը միաձայն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միաձայն ընտրվել  է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով ընտրվել է Հայաստանը՝ ստանալով կոնվենցիայի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մյուս խմբերից ընտրվեցին Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը և Լիբանանը։

Տեղեկանք.Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային վեց խմբերից: Կոմիտեի անդամն անմիջապես վերընտրվելու հնարավորություն չունի:

Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Գլխավոր ասամբլեան, որի նստաշրջանը գումարվում է երկու տարին մեկ, ի թիվս այլ գործառույթների, ընտրում է 12 նոր անդամների»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում