ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է օգտագործել «Հորիզոն 2020» ծրագրի հնարավորությունները՝ գիտությունը տարբեր ուղղություններով զարգացնելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին: «Այդ ծրագրի ընդհանուր բյուջեն 77 միլիարդ եվրո է: Մենք 4-5 տարվա հետևողական աշխատանքից հետո կարողացանք հասնել նրան, որ դարձանք 16-րդ երկիրը, որը մտավ «Հորիզոն 2020» ծրագրի մեջ: Օրինակ, անցած տարի Վրաստանի գիտնականները, մասնակցելով այդ ծրագրին, կարողացել են ստանալ մոտ 15 միլիոն ֆունտ ստերլինգի աջակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ գնդակն արդեն հայ գիտնականների դաշտում է: Պարզաբանելով խոսքը՝ նախարարը նկատեց, որ, արդեն անհատ գիտնականից սկսած՝ մինչև կազմակերպություն կարող են դիմել «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցելու համար: «Նախկինում մենք միայն մասնակցում էինք որպես երրերդ երկիր: Հիմա մենք հնարավորություն ունենք ոչ միայն ուղիղ մասնակցել ծրագրին, այլ նաև երրորդ երկրների հրավիրել այդ կազմակերպությունում աշխատելու»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նաև հավելեց, որ «Հորիզոն 2020» ծրագրում մեծ աջակցություն կարող է գտնել ռազմական գիտության սեգմենտը: «Եթե մեր գիտնականները ճիշտ ներկայացնեն իրենց ծրագրերը, այդ հարցով մենք կարող ենք համագործակցել շատ լուրջ համաշխարհային գիտական կազմակերպությունների հետ»,- ընդգծեց Մկրտչյանը՝ հավելելով, որ գիտության պոտենցիալի պահպանությունը Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր պայման է: