Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 13-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրեն Մեննո Սնելին՝ Հիմնադրամում պաշտոնավարման անցած հինգ տարիներին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նկատի առնելով, որ պրն. Սնելն առաջիկայում ավարտելու է իր գործունեությունը ներկայիս պաշտոնում, Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ ԱՄՀ հաջորդ գործադիր տնօրենի հետ ևս կձևավորվի նույնքան արդյունավետ և կառուցողական համագործակցություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման գործում ԱՄՀ-ի դերը, ընդգծելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպության հետ երկարատև փոխգործակցության շնորհիվ մեր երկրում անցած տարիներին զգալի տնտեսական բարեփոխումներ են իրականացվել: Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, արտաքին բացասական ազդակներին, Նախագահի խոսքով, Հիմնադրամի հետ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել հասնել որոշակի առաջընթացի, և Հայաստանը շահագրգիռ է շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:

Մեննո Սնելը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստան-ԱՄՀ գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացված ծրագրերի մասին, նշելով, որ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում