Հասարակական

Հայաստանում է ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում է ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:

Միջոցառման ընթացքում ՀՀ զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին և շտաբային սպաներին ներկայացվեցին դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության և նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման և օպերացիաների ուրվագծման և պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ: Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվեցին հավաստագրեր:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օպերատիվ պլանավորման գործընթացը հանդիսանում է ռազմական և մարտական գործողությունների վարման ձևերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկը, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձևավորման շրջանակներում ենթարկվում է վերափոխման՝ այդ թվում նաև միջազգային խորհրդատվության ներգրավմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում