Սերժ Սարգսյանը Բեռլինում հայտարարել է, որ ուժը զինատեսակի ժամանակակից լինելու և տանկերի թվի մեջ չէ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին` ուժը զինատեսակի ժամանակակից լինելու և տանկերի թվի մեջ չէ: «Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են: Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ, ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ այն հավատի մեջ, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որն ամեն գնով պաշտպանելու է իր հայրենիքը: Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին` մեր հասարակությանն ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել: Իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտեք, պատերազմը շատ վատ բան է, ես նորություն չեմ ասում: Բայց մյուս կողմից այս երեք օրերի պարետազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քանի որ ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է: Ուժը դրա մեջ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` Սերժ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում` ՀԱՊԿ-ում: Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամ մյուս երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ գործընթացի վրա»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:

Հայերեն العربية English Русский