Փաստ մեկնաբանությամբ

Թալիշ գյուղում տեղի ունեցածը հիշեցնում է ԻՊ-ի զինյալների արածը. Ալեքսանդր Իսկանդարյան

4 րոպեի ընթերցում

Թալիշ գյուղում տեղի ունեցածը հիշեցնում է ԻՊ-ի զինյալների արածը. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղում տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Արտաքնապես դա հիշեցնում է Սիրիան, այդ գործողությունը հիշեցնում է այն, ինչ անում էին «Իսլամական պետության» զինյալները: Ես, իհարկե, չեմ ցանկանում ինչ-որ ակնարկներ անել, բայց Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կռվել են ԻՊ-ի շարքերում և վերադարձել Ադրբեջան».-ասաց քաղաքագետը:

Արձագանքելով այն հարցին, թե Թալիշ գյուղում հայ ընտանիքի դաժանաբար սպանությունը արդյո՞ք ևս մեկ անգամ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանում, քաղաքագետը նշեց, որ դա նախկինում էլ պարզ էր:

«Մինչ այդ էլ Ադրբեջանի կողմից եղել են բարբարոսական դեպքեր: Ինչպես, օրինակ, քնած սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը: Այնպես որ, միշտ էլ պարզ է եղել, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա չի էլ քննարկվում»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ներկա փուլում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը՝ քաղաքագետը նշեց, ոչ չի կարծում, որ դա ինչ-որ բան կտա Ադրբեջանի հետ կապված հակամարտության հարցում: «Չեմ կարծում, որ նման դեպքում Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները: Հասկանալի է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի երաշխավորն է, և դա տեղի է ունենում առանց ճանաչման»,-հավելեց քաղաքագետը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է, ընդհանուր առմամբ, թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք:

Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում