ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, որի շրջանակում իրականացվելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ կառավարության մարտի 17-ի նիստում հաստատված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի փոփոխությունների ենթարկված և ավելի բարելավված ծրագիրը ևս Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրում ներառված բաղադրիչներից մեկն է:
«Ամբողջ հասարակության համար մատչելի բնակարան ձեռք բերելու ծրագիրը Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի ներքո քննարկվելիք հարցերի շրջանակներում է: Ծրագիրն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրումիրականացված փոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն: Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն դրամ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: