Քաղաքականություն

Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնումը Հայաստանի քաղաքական դաշտում շատ բան կփոխի. Վահե Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնումը Հայաստանի քաղաքական դաշտում շատ բան կփոխի. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն հիմնելու բոլոր հնարավորություններն ունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն հիմնելու դեպքում Հայաստանի քաղաքական դաշտում շատ բան է փոխվելու: «Ես կարծում եմ, որ այն սցենարները, որոնք մինչ այդ խաղարկվում էին, թե որ քաղաքական ուժն ընտրություններից հետո որերորդ տեղում կլինի, այդ բոլոր խաղաքարտերը կխառնվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, ինքն անդամակցելո՞ւ է Վարդան Օսկանյանի կուսակցությանը, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այս պահին շատ բան չեմ կարող ասել, ոչ թե նրա համար որ չեմ ցանկանում, այլ նրա համար, որ շատ տեղեկատվություն չունեմ: Այս պահի դրությամբ ես չունեմ ավել տեղեկատվություն, քան ձերն է»:

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է նոր կուսակցություն հիմնելու մասին: Օսկանյանը չի բացառել, որ իր կուսակցությանը կանդամակցեն Ազգային ժողովի պատգամավորներ: Թեև Օսկանյանը անուններ չի հնչեցրել, սակայն խոսակցություններ են շրջանառվում, որ նրա կուսակցությանն անդամակցելու են Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը, ովքեր նախկինում Վարդան Օսկանյանի հետ ներկայացնում էին ԲՀԿ խմբակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում