Գեղարքունիքի մարզի տնտեսությունները նախապատրաստվում են գարնանացանին
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններին, ըստ համայնքներից ներկայացված հայտերի, հատկացվում է կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութ եւ սերմացու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, կառավարության կողմից Գեղարքունիքի մարզին հատկացվել է 1 միլիոն լիտր դիզվառելիք, 5950 տոննա ազոտական, 100 տոննա ֆոսֆորական եւ 150 տոննա կալիումական պարարտանյութ, 300 տոննա գարնանացան գարու, 1 տոննա առվույտի սերմացու:
1 լիտր դիզվառելիքը տնտեսություններին տրվելու է 280, 1 պարկ ազատական պարարտանյութը` 6 հազար, 1 պարկ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութը` 7 հազար, 1 կիլոգրամ գարու սերմացուն` 130, 1 կիլոգրամ առվույտի սերմացուն` 1500 դրամով:»Այս պահին ներկրվել եւ ըստ ներկայացված հայտերի բաշխվում է գարնանացան գարու սերմացուն: Մոտակա օրերին կներկրվեն եւ կբաշվեն նաեւ դիզվառելիքն ու պարարտանյութերը: Մինչեւ գարնանացանի սկիզբը տնտեսություններն ապահովված կլինեն պահանջված սերմերով, դիզվառելիքով եւ պարարտանյութերով»,-հավաստեց գյուղվարչության պետը: