Խճանկար

Համաշխարհային օլիմպիադայում խոհանոցը կարևորվեց որպես ինքնության ճանաչման ցուցիչ

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային օլիմպիադայում խոհանոցը կարևորվեց որպես ինքնության ճանաչման ցուցիչ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է երիտասարդ ավագ խոհարարների համաշխարհային “Young Chef” օլիմպիադան: Այս տարի Օլիմպիադային մասնակցում էր 51 երկիր, դրանց թվում՝ նաև Հայաստանը:

«Մենք առաջին անգամ ենք մասնակցել մրցույթին: Նույնիսկ, երբ հրավերը եկավ, չգիտեինք կարո՞ղ ենք մասնակցել, թե՝ ոչ: Որպես հասարակական կազմակերպություն չէինք կարող հոգալ մեր ծախսերը, սակայն, ի պատիվ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, մեր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Կալկաթայի եկեղեցու և վարժարանի առաջնորդի, մենք կարողացանք մասնակցել մրցույթին»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Երիտասարդ ավագ խոհարար Աննա Մաթևոսյանը, ով առաջին անգամ էր մասնակցում նման մեծ մրցույթի, նշեց, որ այն կազմակերպված է եղել բարձր մակարդակով. «Հայաստանը օտար երկրում ներկայացնելը մեծ պատիվ էր ինձ համար: Ես պարզապես պարտավորված էի զգում լավ ներկայացնելու մեր երկիրը: Մենք պատրաստեցինք միայն հայկական կերակրատեսակներ: Ժյուրիի անդամների գովեստի խոսքերն ինձ ուժ տվեցին հաջորդ փուլ անցնելու, և արժանացա «Լավագույն մասնակցություն» մեդալի»,- իր տպավորությունները պատմեց Աննա Մաթևոսյանը:

Մարտ ամսին Երևանում տեղի է ունենալու շնորհանդես-հյուրասիրություն, որի նպատակն է հասարակությանը մատուցել Անիի 8-րդ դարից եկող կերակրատեսակները, դրանց պատրաստման եղանակներն ու բաղադրատոմսերը: Մարդիկ այդ օրը հնարավորություն կունենան պատվիրել միայն Անիի խոհանոցի կերակրատեսակներ:

«Ասեմ, որ արձագանքը մեծ է, նույնիսկ խմբակային այցելությունների հայտեր են ներկայացրել մարդիկ: Մարտ ամիսը մենք պատրաստվում ենք նվիրել Անիի խոխանոցին. շաբաթական գոնե մեկ անգամ մեր համակարգի ռեստորաններում կներկայացնենք Անիի խոհանոցը: Դեռևս ներառվելու են 8 կերակրատեսակներ՝ ականջապուր, բողկով աղանդեր, սոխե տոլմա, շրդան և այլն»,- ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:

Արմինե Մացոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում