ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակը 24 տարեկան է: Բանակի կազմավորման ու կայացման գործում իր լուման է ներդրել յուրաքանչյուր զինվոր` շարքայինից մինչև բարձրաստիճան սպա: Ծառայության յուրաքանչյուր օր հպարտության աղբյուր է, յուրաքանչյուր իրադարձություն` հաճելի հուշ ու պատմության դաս սերունդների համար: Բանակային իրենց հուշերը պատմում են հայրենիքի «Արմենպրես»-յան պաշտպանները:
Վահրամ Եղիազարյան
«Արմենպրես» լրատվական գործակալության փոխտնօրեն
Ծառայել է Հայոց բանակում 1995-1997 թթ., վերադարձել է ավագի կոչումով
Հիշում եմ, որ մեզ մոտ զույգ եղբայրներ էին ծառայում: Ամբողջ վաշտը չէր տարբերում նրանց: Մի խալ կար, որով հնարավոր էր տարբերել, սակայն գլխարկը ծածկած ժամանակ անհնար էր դառնում: Միշտ մեկը մյուսի փոխարեն էր վերակարգ գնում, բայց պարզվում էր, որ եղբայրը պետք է գնա: Այդպես 6 ամիս «տառապել» ենք:
Արման Գասպարյան
«Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիր
Ծառայել է Հայոց բանակում 2003-2005 թթ., վերադարձել է կրտսեր սերժանտի կոչումով
Երբ նոր սկսում ես ծառայել, ընթացքն անվերջ է թվում: Թվում է, թե զորացրվելու օրը երբեք չի գա, բայց զորացրվելուց հետո այնպիսի տպավորություն է, կարծես երեկ ես գնացել բանակ և վերադարձել:
Ծառայության ընթացքում դժվար է լինում, բայց երբ սովորական կյանքով ես ապրում, կարոտով ես հիշում այդ օրերը: Ծառայության ընթացքում ամենասպասվածն արձակուրդն է: Իմ դեպքում արձակուրդ գնացի զորացրվելուց չորս ամիս առաջ, և անսպասելի էր: Կանչեցին գնդի հրամանատարի մոտ, մտածեցի, թե ինչ-որ վատ բան եմ արել, տանելու են «գուբախտ», բայց պարզվեց տուն եմ գնում` արձակուրդի:
Տիգրան Սիրեկանյան
«Արմենպրես» լրատվական գործակալության թարգմանիչ
Ծառայել է Հայոց բանակում 2009-2011 թթ., շարքային
Շատ եմ կարոտել իմ հրամանատարին՝ մայոր Արիստակես Հարությունյանին։ Վստահ եմ՝ հրամանատարից շատ բան է կախված, իսկ մայոր Հարությունյանի ու նրա նման նվիրյալների հրամանատարության ներքո հնարավոր է ազատագրել ոչ միայն հյուսիսային Արցախը, այլ նաև ողջ Արևմտյան Հայաստանը։ Եթե նա, կամ նրա ծանոթները կարդան այս նյութը, կխնդրեմ, որպեսզի օգնեն ինձ կապ հաստատել նրա հետ:
Տիգրան Մուրադյան
«Արմենպրես» լրատվական գործակալության թարգմանիչ
Ծառայել է Հայոց բանակում 2009-2011 թթ., ծառայության ավարտին ստացել է սերժանտի կոչում
Ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ ու փորձում էի ծառայության ժամանակ էլ ֆուտբոլային հանդիպումները բաց չթողնել: Հիշում եմ` մի անգամ իմ սիրելի ֆուտբոլային թիմն էր խաղում, իսկ խաղն այնպիսի ժամի էր, երբ մենք պետք է քնած լինեինք: Ես գնացի ֆուտբոլ նայելու, իսկ սպաները եկան ու ինձ «բռնացրին»:
Բանակն ինձ տվեց ինքնուրույնություն, ու կարծում եմ ծառայությունը տղային տղամարդ է դարձնում:
Միհրան Միրխավոյան
«Արմենպրես» լրատվական գործակալության մարկետոլոգ
Ծառայել է Հայոց բանակում 1999-2001 թթ., շարքային
Մի դեպք եմ հիշում: Ծառայության ժամանակ մի զինվոր էր կորել: Արթնացանք` չկար: Զինվորական ոստիկանություն հայտնեցին, փնտրեցին, տուն զանգահարեցին. տանը չէր: Մեծ պատմություն էր դարձել: Երեկոյան զորամասային զորավարժության ժամանակ ոլորաններով թունելների միջով անցնելիս գտան նրան: Գնացել էր, քնել էր այնտեղ, բարձով ու վերմակով: Հնարավոր է տարօրինակ հնչի, բայց շատ լարված օր էր մեզ համար:
Գևորգ Պերկուպերկյան
«Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ
Ծառայել է Հայոց բանակում 1998-2000 թթ., վերադարձել է ավագ սերժանտի կոչումով
Բանակը շատ բան է փոխել իմ կյանքում: Միանշանակ վստահություն տվեց ծառայելը: Առաջին անգամ, երբ համազգեստ տվեցին, հագնելուց հետո հուզվեցի: Ճիշտ է` տևել է մի քանի րոպե, բայց նման բան է եղել: Ոչ մի օր չեմ մտածել, որ ուրիշի համար եմ ծառայում: Իմ պարտքն է եղել, գերադասել եմ ծառայել և չեմ խուսափել, թեպետ հնարավորություն է եղել: