Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու Իրանն արտաքին աշխարհի հետ կապող բոլոր նախագծերին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի շատ կայուն և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանն` անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը:

-Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը քաղաքական տեսանկյունից ի՞նչ է փոխում տարածաշրջանում ընդհանրապես, Իրանի համար, մասնավորապես:

-Նախ ասեմ, որ կանխատեսելի էր, թե ինչ պետք է տեղի ունենար պատժամիջոցների վերացումից հետո, որովհետև նախքան դա մենք ականտես եղանք տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձին այն պետությունների կողմից, որոնք ավանդաբար Իրանի մրցակիցներն են համարվել: Խոսքը Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի մասին է: Մենք տեսանք, որ տարբեր հարցերում բավական ջղագրգիռ մոտեցումներ ցուցաբերվեցին Իրանի նկատմամբ, նորից զարկ տրվեց շիաների հետ կապված խնդրին: Կարծում եմ, ընթացիկ տարում ևս մենք ականտես կլինենք նմանատիպ հակամարտությունների դրսևորմանը Մերձավոր Արևելքի տարբեր օջախներում:

-Այսինքն` քաղաքական տեսանկյունից Իրանի մրցակից երկրները վտանգ են զգում, հետևաբար զգուշավորություն են ցուցաբերում:

-Այո, միանշանակ, որովհետև այստեղ առաջին հերթին Սաուդյան Արաբիան Իրանին դիտարկում է նավթային ոլորտում որպես մրցակից պետություն: Անշուշտ պատժամիջոցների վերացումը աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներում Իրանին բոլորովին այլ կարգավիճակում է դնում: Մինչ այս պահը, եթե Իրանը հնարավորություն չի ունեցել, իր ամբողջ պոտենցիալով մտնի համաշխարհային նավթային շուկա, հիմա արդեն դռներն ամբողջությամբ բացվում են Իրանի առջև: Դրանից բացի, նկատում ենք, որ Արևմուտքը Իրանին տարածաշրջանային հարցերում արդեն կարևոր դերակատար է դիտարկում: Թուրքիան էլ քաղաքական տեսանկյունից մտավախություններ ունի Իրանի դերի մեծացման առումով: Եվ պատահական չպետք է համարել նույն Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա և դրանից հետո լարվածոթյան մեծացումը: Սրանք միմյանց հետ փոխկապակցված են: Անշուշտ այդ երկրները կփորձեն ինչ-որ դաշինքներ կազմել, խժդժություններ հրահրել Իրանի դեմ և կփորձեն որքան հնարավոր է դանդաղեցնել Իրանի լիարժեք մուտքը աշխարհաքաղաքական գործընթացներ:

-Պարոն Յարալյան, տեղեկատվություն եղավ, որ ԱՄՆ-ն նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Թիրախն այն անձինքն են, ովքեր անմիջական մասնացություն են ունեցել բալիստիկ հրթիռների ստեղծման գործում: ---Ստացվում է մի կողմից ԱՄՆ-ն վեցնյակի շարքում իր համաձայնությունն է տալիս Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը, մյուս կողմից ինքն է անհատական պատժամիջոցներ սահմանում: Ի՞նչ խնդիր է լուծում ԱՄՆ-ն:

-Անշուշտ, այն, որ 6 խոշոր պետությունների հետ բանակցություններում Իրանը հաջողության հասավ, դա բնավ չէր նշանակում, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները միանգամից պետք է կարգավորվեն: Այս պետությունների միջև շատ ավելի խորքային խնդիրներ կան: Այստեղ կարելի է ասել մի ամբողջ համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որպեսզի սկսեն ուրիշ կերպ մտածել միմյանց մասին: Ուստի ես, քանի դեռ տեղի չեն ունեցել այդ համակարգային փոփոխությունները, ակնկալել, որ այդ հարաբերություններում առանձնակի ջերմություն կլինի, կարծում եմ միամտություն է:

-Հայաստանը ստեղծված իրավիճակից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ: Հնարավո՞ր է մեր երկիրը լինի կամուրջ Իրան-Արևմուտք կամ Իրան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում:

-Հայաստանը Հարավային Կովկասում այն միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի շատ կայուն և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: Եվ անշուշտ, այն, որ Իրանը տնտեսապես նոր հնարավորություններ է ձեռք բերում, առաջին հերթին տնտեսական տեսանկյունից Իրան- Հայաստան հարաբերությունները որոշակի մակարդակի վրա կբարձրանան: Հայաստանը հնարավորություն ձեռք կբերի մասնակցելու այն բոլոր նախագծերին, որոնք Իրանը կկապեն արտաքին աշխարհի հետ: Սրանք ենթադրություններ չեն, այդ մասին Իրանի կողմից եղել են կոնկրետ հայտարարություններ: Մենք պետք է հետևենք այս զարգացումներին, որպեսզի ընթացքից հետ չմնանք:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին