Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է տարեկան 4-4.5 միլիարդ դոլարի ներդրումների դաշտ ապահովել

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների, իրանական ու ԵԱՏՄ շուկաներն աշխարհին կապելու գործում Հայաստանի կարևոր դերակատարության և այդ հնարավորությունն իրացնելու մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի խորհրդի նախագահ, «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ:

-Պարոն Ջրբաշյան, Հայաստանում որո՞նք են այն ոլորտները, որ կարող են գրավիչ լինել ներդրողների համար:

-Ներդրումների դերը Հայաստանի նման փոքր երկրի համար առավելապես կարևոր է: Ներդրումների գրավչությունն ապահովելը բազմագործոն խնդիր է, սակայն զգալիորեն կախված է համապատասխան ներդրումային միջավայրի առկայությունից: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դասական առումով ներդրումները կախված են ռիսկ-շահութաբերություն համակցությունից: Բարձր ռիսկը ենթադրում է բարձր եկամտաբերություն, ցածր ռիսկը` ցածր եկամտաբերություն: Օրինակ` ԱՄՆ-ում ներկայում ներդրումների եկամտաբերությունը բավականին ցածր է և համապատասխանում է ամերիկյան տնտեսությունում առկա ռիսկերի մակարդակին, բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են մեծ ռիսկի գնալ և ներդրումներ են կատարում Քուրդիստանում(խմբ` քրդական պետական կազմավորում է Իրաքի կազմում), որն ամենառիսկային գոտիներից մեկն է, և ապահովում է գրեթե 10 անգամ ավելի բարձր եկամտաբերություն:

Հետևապես, Հայաստանի պայմաններում, առաջին հերթին, պետք է հասկանանք մեր երկրի ռիսկերն ու դրանց համահունչ եկամտաբերության մակարդակը: Եթե նայում ես Հայաստանին ռիսկերի տեսակետից, այն բավական ռիսկային գոտում է գտնվում. անցումային շրջանում գտնվող երկիր, չլուծված կոնֆլիկտ, շրջափակում և այլն, իսկ մյուս կողմից` եկամտաբերության անբավարար մակարդակ: Ահա բացատրությունը` ինչու ներդրումներ չկան:

Եթե այսօր ներդրումները հոսում են Պակիստան, աֆրիկյան երկրներ, ապա ենթադրվում է, որ ներդրումների համար կարևոր է նշյալ երկու բաղադրիչների համադրության նպատակահարմարությունը:

Ռիսկ-եկամտաբերություն կապը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ այսօր Հայաստանում կարող է զարգանալ երկու տիպի նախագիծ: Առաջինը` տնտեսության ավանդական ճյուղերը, որտեղ եկամտաբերությունը համահունչ է մեր ռիսկերին, օրինակ` արդյունաբերական գյուղատնտեսությունը, որը կարող է բարձր եկամտաբերություն ապահովել ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Երկրորդ ուղղությունը էներգետիկան է, որտեղ ռիսկերը նվազեցված են, քանի որ պետությունը որոշակի պարտավորություն ունի գնելու արտադրված էլեկտրաէներգիան: Դրանով ռիսկերը նվազում են, հետևաբար եկամտաբերության մակարդակն էլ ավելի ընդունելի է դառնում:

Մյուս ուղղությունը զբոսաշրջությունն է` հաշվի առնելով նաև սփյուռքի առկայությունը: Եթե գալիս ենք ոչ ավանդական ինդուստրիային, գրավիչ ոլորտ է տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղը, որտեղ կապիտալ ներդրումները շատ նվազ են, քանի որ հիմնականում մարդկային կապիտալի ներդրումների կարիք կա: Անդրադառնալով տնտեսության ոչ ավանդական ճյուղերին՝ որպես գրավիչ ոլորտ կարելի է նշել տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղը, որտեղ կապիտալ ներդրումները շատ սակավ են, քանի որ հիմնականում մարդկային կապիտալի ներդրումների կարիք կա: Հաջորդ ուղղությունը` այլընտրանքային էներգետիկան է, այստեղ ևս կա էներգիան պետության կողմից գնելու պայմանը, և որոշակի նախագծեր նման պայմաններում դառնում են շատ հրապուրիչ:

-Այս առումով, ո՞րն է պետության ամենակարևոր գործառույթն ու դերակատորությունը, որը պետք է ստանձնի:

-Պետության դերը պետք է լինի այն առաջնահերթ ոլորտների ընտրությունը, որոնք կարևոր են նորարարական նախագծեր ձեռնարկելու, տարբեր մեթոդներով այդ ուղղություններում եկամտաբերության բարձրացումն ու ռիսկերի նվազեցումը ապահովելու համար: Ի՞նչ կարելի է անել. պետական երաշխիքների տրամադրում, վերաֆինանսավորման նախագծերի իրականացում, հարկային որոշակի արտոնությունների քաղաքականության մշակում:

Մյուս կողմից` ռիսկերի նվազեցումը հնարավոր է ապահովել առավել կանխատեսելի իրավական համակարգ ստեղծելու և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում: Չնայած չեմ սիրում «դեմ պայքար», քանի որ իրականում խոսքը գնում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ արդյունավետ կառավարման համակարգ ձևավորելու մասին, որի արդյունքում կոռուպցիան կնվազի: Այստեղ պետք է պայքարել արդյունավետ կառավարման համակարգ ունենալու համար, պետք է պայքարել հանուն ինչ-որ բանի:

Պակաս չեմ կարևորում նաև միջազգային ասպարեզում Հայաստանի համապատասխան իմիջի ձևավորումը: Կարծում են նաև, որ անհրաժեշտություն կա մեր տնտեսության, ինչպես նաև առանձին ճյուղերի մասին մասնագիտական տեղեկատվության պարբերական հրապարակման, ինչը հնարավորություն կտա շուկայի համապատասխան խաղացողների ծանոթանալ Հայաստանում առկա հնարավորություններին և ընդունել ներդրումներ կատարելու գիտակցված որոշում:

Հաջողության կարևոր ցուցանիշը լինելու է ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ: Երբ այդ ծավալը 30-40 տոկոսի հասնի, ապա Հայաստանը կհայտնվի բոլորովին այլ իրավիճակում թե' բարոյահոգեբանական, թե' քաղաքական, թե' սոցիալական և թե' բիզնես միջավայրի առումով: Այս ամենը շատ լավ ջերմաչափ է, որը որոշում է տվյալ երկրի միջավայրն ու ապագան: 30-40 տոկոսը լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք այսօրվա 16-17 տոկոսը, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանը ի վիճակի է այսօր տարեկան մոտ 4-4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումների դաշտ ունենալ տնտեսության տարբեր ճյուղերում:

-Ձեր նախորդ հարցազրույցներից մի այսպիսի միտք դուրս բերեցի` Դուք կարծում եք, որ Հայաստանը մեծ շանս ունի կապող օղակ հանդիսանալու Իրանի ու Արևմուտքի, ինչպես նաև` ԵԱՏՄ երկրների և ԵՄ-ի միջև: Նաև ասել եք, որ այդ շանսը մեզանից է կախված, թե ինչպես կօգտագործենք: Որքանո՞վ ենք կարողանում դա իրագործել, եթե ոչ, ի՞նչն է պատճառը, ի՞նչ է պետք անել:

-Թվերը ցույց են տալիս, որ չենք կարողանում շանսը լավ իրացնել: Ցավոք սրտի` մեր ունեցած գործիքակազմի հնարավորությունները և մեր տակտիկական կարողությունները թույլ չեն տալիս պետությանն արագ արձագանքել առաջ եկող հնարավորություններին, որպեսզի ստեղծվեն պայմաններ բիզնեսի համար: Դրա վառ օրինակն է այն, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում(հարցազրույցն անցկացվել է 2015-ի դեկտեմբերի կեսերին) կարևորվեց սննդի արդյունաբերության արտահանումը ԵԱՏՄ շրջանակներում: Եթե պատկերացնում ենք սննդի արդյունաբերության ցիկլայնությունը, ապա դա ենթադրում է, որ ցիկլայնությունը կապված է սեզոնայնության հետ: Կան մթերման, արտադրության, սպառման ժամկետներ: Երբ դու մթերման ավարտին սկսում ես խոսել արտահանման խրախուսման գործողությունների մասին, ենթադրվում է, որ մթերման փուլը բաց ես թողել, ինչը նշանակում է, որ ժամանակին չես արձագանքել, միջամտել:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա ես շատ եմ կարևորում դրանք: Պալատը բավական ակտիվ է զբաղվում այդ հարցերով: Այդ տեսնակյունից կարևորում եմ ԱՄՆ դեսպանի մոտեցումը, ով մեզ հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Իրանը Հայաստանի համար հեռանկարային է, և ինչպես Հայաստանը կանգնեց համաշխարհային հանրության կողքին, երբ որոշակի պատժամիջոցներ կիրառվեցին, ապա այսօր էլ Հայաստանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից, երբ պատժամիջոցները աստիճանաբար վերացվում են:

Կարևորում եմ նաև այն, որ Հայաստանի կառավարությունը որոշակի գործողություններ է իրականացնում. եղան քննարկումներ, կառավարական այց:

Սակայն որպեսզի հստակ պատկերացնենք իրավիճակը, կարևոր է հաշվի առնել այն, որ եվրոպական 300-400 խոշոր գործարարներ արդեն չորրորդ հավաքն են անցկացնում Շվեյցարիայում` հրավիրելով Իրանի բիզնեսի ու պետական ոլորտների ներկայացուցիչներին` քննարկելու ստեղծված հնարավորությունները, մատնանշելու նախագծերը, ուղղությունները, ոլորտները և ապրանքների շուկաները: Ես նման ակտիվություն մեզ մոտ չեմ տեսնում: Մենք անգամ չենք կարողանում ներկայացնել միջազգային սահմանափակումների վերացման ժամանակացույցը, թե որ պահից, երբ և ինչ է փոխվելու խաղի կանոններում: Բիզնեսը դա պետք է կարողանա հասկանալ:

Մեծ հույսեր ունեմ կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանը ակտիվ մասնակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացին:

Հայաստանն իր գործարար միջավայրի տեսանկյունից լավ դիրքերում է` համեմատած ԵԱՏՄ այլ երկրների հետ: Չօգտագործել այդ հնարավորությունը, չդառնալ բիզնես հաբ այդ երկրների շուկաներում աշխատող մեծ եվրոպական, ամերիկյան ընկերությունների համար, կարծում եմ` բաց թողած հնարավորություն կլինի:

Առնվազն պետք է հասկանալ մեր մրցակցային դիրքերը այդ երկրների նկատմամբ, վերլուծել, թե որտեղ ենք թույլ, որ դեպքերում կարելի է արձագանքել և այստեղ հրավիրել տարբեր մարդկանց: Այս գործընթացներում պետք է առավել նախահարձակ, ագրեսիվ ու ակտիվ լինել, քանի որ այդ հնարավորությունների պատուհանը շատ մեծ չի լինելու, շատ արագ կարող ենք այն կորցնել: Մի օրինակ բերեմ, Ղազախստանի նախագահ Նազարբաևը ելույթ էր ունենում ու խոսում լրջագույն հարկային բարեփոխումների մասին` նշելով, որ երկրում թողնելու են երեք տիպի հարկ` դրանք նվազեցնելով մինչև նվազագույն ցուցանիշների, և դրանով հրավիրում էր ԵԱՏՄ տարածքում աշխատող ձեռնարկություններին տեղափոխել իրենց բիզնեսը Ղազախստան: Պետք է հասկանալ, որ այստեղ ներսում էլ ենք մրցակցելու միմյանց հետ: Վաղը դրա համար էլ ենք ափսոսալու, որ, ունենալով շատ լավ մրցակցային առավելություններ, լիարժեք չենք օգտագործել դրանք:

Անկախ պետության 25 տարիների ընթացքում առաջին անգամ շատ լավ մեկնարկային հնարավորություններ ունենք: Միշտ մեր ցուցանիշները, մեկնարկային դիրքերն ավելի վատն են եղել` պատերազմ, երկրաշարժ, փակ սահմաններ, արտագաղթ, ծանր տնտեսական վիճակ: Առաջին անգամ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր մեկնարկային դիրքերն ավելի լավն են, քան մեր շրջապատինը:

Պատրաստեց` Անի Նազարյանը

Հարցազրույցի առաջին մասը` Առաջիկայում Հայաստանում խոշոր ֆրանչայզինգային նախագծեր կլինեն. հարցազրույց Տիգրան Ջրբաշյանի հետ

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին