Հայությունը 1 դար անց էլ աղաղակեց Հայոց ցեղասպանության մասին. «Արմենպրես»-ն ամփոփում է հայության վերազարթոնքի տարին

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն հայության համար հիշատակի և պահանջատիրության տարին` 2015-ը, լի էր հիշարժան միջոցառումներով, որոնք հայ ժողովրդին ևս մեկ քայլով մոտեցրին պատմական արդարության վերականգնմանը: «Արմենպրես»-ն ամփոփում է տարին` թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կարևորագույն իրադարձությունների համատեքստում:

2015-ի ուշագրավ դրվագներից էր հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Համահայկական հռչակագրի ընթերցումը: Հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր և կայացավ Հռչակագրի հրապարակման արարողությունը: Այդ փաստաթուղթը միաձայն ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Այն վերընթերցելու համար այցելեք` այստեղ:

Մարտին Երևանը հյուրընկալեց «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա խորհրդաժողովի մասնակիցներին` լրատվամիջոցների ներկայացուցիչների,գիտնականների,հասարակականևքաղաքականգործիչների տարբեր երկրներից` այդ թվում` Թուրքիայից:

Այն անցկացվեց մարտի 18-20-ը Երևանում՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Համաժողովի թեմատիկ ուղղությունները չորս սկզբունքներն էին՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները: Խորհրդաժողովին հանդես գալով ելույթով` ՀՀ նախագահը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը` շեշտելով, որ հայ ժողովուրդը կցանկանար ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ: Նախագահի ելույթի կարևոր հատվածներն` այստեղ:

Ապրիլի 12-ին համայն քրիստոնյա և ընդհանրապես ողջ աշխարհի ուշադրությունն սևեռվեց կաթոլիկների սրբավայր Վատիկանի վրա, ուր Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոս տաճարում մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Դա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը: Հռոմի պապը Հայ եկեղեցու սրբերի շարքին դասված Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, ինչպես նաև ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության մասին: Նա պատարագի ընթացքում նշեց, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը և այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, քանզի ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Միջոցառումներին ներկա էր Հայաստանի պետական ու կրոնական վերնախավը` նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը:

Հաջորդ միջոցառումը ապրիլի 22-23-ին Հայաստանում համախմբեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի 600-ից ավելի մասնակիցների` խորհրդարանականների, քաղաքական գործիչների, դիվանագետների, գիտնականների, ցեղասպանագետների, քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես հայկական սփյուռքի անդամների: Երկօրյա ֆորումը հագեցած էր բազմապիսի ելույթներով, որոնք միաձայն դատապարտում էին ցեղասպանությունները, փորձում գտնել ուղիներ դրանց կանխարգելման համար: Գլոբալ ֆորումի ամբիոնից կոչ ուղղվեց Հայաստանին` ստանձնել ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկի դերը ցեղասպանագիտական կենտրոն ստեղծելու և ղեկավարելու միջոցով:

Ապրիլի 23-ի երեկոյան արդեն համայն հայության սրբատեղի Էջմիածնի Բաց խորանում 400 տարվա դադարից հետո կատարվեց սրբադասման կարգ. Հայ եկեղեցու սրբերի շարքին դասվեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակները, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի ու հավատքի: Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում հնչեցին զանգերի 100 ղողանջները, որին հաջորդեց լռության րոպեն: Ապրիլի 24-ին օծված սրբապատկերը երկրպագության դրվեց Ծիծեռնակաբերդում:

Նույն օրը` ապրիլի 23-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հորդ անձրևի տակ մեկնարկեց ու ավարտվեց «System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի «Wake up the soals» («Արթնացրեք հոգիները») խորագրով շրջագայության գլխավոր համերգը, որին մասնակցեց մոտ 50 հազար մարդ: Անհրաժեշտ չէր լինել երիտասարդ, բայց պետք էր խենթ լինել, ոտքից գլուխ թրջված լինելով, համերգին սկզբից մինչև վերջ մնալու համար, որը տևեց 3 ժամ: Այն ուղեկցվեց ցեղասպանության ճանաչման մասին կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ: Համերգը խորհրդանշում էր վերածնունդը. խմբի բոլոր անդամները ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են:

Ապրիլի 24-ին հայ ազգն ապրեց արտակարգ, միևնույն ժամանակ խիստ սովորական ռեժիմով: Կրկին հազարավոր հայեր և արտասահմանցիներ, ձեռքում ծաղիկներ, լուռ քայլեցին Ծիծեռակաբերդի բարձունք: Ճանապարհին նրանց էին նվիրում հայ աշակերտների կողմից պատրաստված 1.5 միլիոն անմոռուկներից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը հայ ժողովրդի կողքին էին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ավելի քան 60 երկրների և միջազգային կառույցների պատվիրակներ: Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող արարողությունը ցուցադրեցին ուղիղ եթերով աշխարհի առաջատար հեռուստաալիքները: 1 միլիարդից ավելի մարդ ամբողջ աշխարհից այն դիտեց հեռուստատեսությամբ:

Ապրիլի 24-ի երեկոյան կայացավ մշակութային կարևոր միջոցառում, որը վկայեց ցեղասպանությունից հետո հայերի նորանոր ձեռքբերումների մասին: Օպերայի թատրոնում տեղի ունեցավ 2.5 ժամ տևողությամբ դասական համերգ, որի ընթացքում 43 երկրներից ժամանած 122 երաժիշտները կատարեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` գրված վերջին 100 տարիներին:

Ավանդական ջահերով երթը 2015-ին կայացավ ապրիլի 24-ին` կեսգիշերից մի փոքր շուտ` միավորելով տարբեր սեռի, մասնագիտությունների, նախասիրությունների, կուսակցական պատկանելության բազմահազար երիտասարդների: Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը: Երևանում ջահերով երթն անցկացվեց 16-րդ անգամ:

Ապրիլքսանչորսյան օրերին վերաբացվեց վերանորոգված ու արդիականացված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որի ցուցանմուշների թիվը գերազանցում է 90 հազարը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ անցկացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 24-ին, դրան նախորդած ու հաջորդած օրերին: 5 մայրցամաքներում հիշատակի ու բողոքի ամենատարբեր միջոցառումներ կյանքի կոչվեցին, որոնք աննախադեպ էին մասնակիցների թվով, միջոցառումների մասշտաբներով:

Հունիսի 5-8-ին Ֆրանսիայի Կանն քաղաքում տեղի ունեցավ «MIDEM» երաժշտական միջազգային 49-րդ փառատոնը, ուր 4 օր շարունակ թևածում էր հայկական շունչը: Այս տարվա փառատոնին Հայաստանը մասնակցում էր պատվավոր երկրի կարգավիճակով:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովը, որը կրում էր «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը, տեղի ունեցավ հուլիսի 8-12-ին Երևանում: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան գիտաժողովին ներկա էր 130 մասնագետ` 35 երկրներից: Նրանք քննարկում էին ցեղասպանագիտության և դրան հարակից ոլորտների մասին հարցեր:

Հագեցած տարվա միջոցառումների արդյունքները ներկայացնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն սեպտեմբերի 26-ին գումարեց տարվա վերջին` 6-րդ նիստը: Դրա ժամանակ որոշում կայացվեց պետական հանձնաժողովի հենքի վրա ձևավորել Համահայկական խորհուրդ:

Սեպտեմբերի 27-ին էլ անցկացվեց 2015-ի հերթական կրոնական կարևոր արարողություններից մեկը. Մյուռոնօրհնեքը: 7 տարին մեկ անգամ կատարվող ծիսական կարգը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ էր, իսկ օրհնված մյուռոնը կոչվեց Հաղթության:

Տարվա ամփոփումը կատարեց Անի Նազարյանը

Հայերեն English Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26