Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհի 43 երկրների երաժիշտները՝ Ցեղասպանության դեմ. մեկնարկել է «24/04» նվագախմբի համերգը. ՈՒՂԻՂ

 Աշխարհի 43 երկրների երաժիշտները՝ Ցեղասպանության դեմ. 
մեկնարկել է «24/04» նվագախմբի համերգը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից կազմված «24/04» նվագախմբի համերգը մեկնարկել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Վերածնունդ» խորագրով համերգը: Այն բաղկացած է չորս փուլերից՝ «Հիշողություն», «Երախտագիտություն»,  «Միջազգային պայքար», «Վերածնունդ»:

Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային միցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կառարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը: Մենակատարների թվում են նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է:

Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:

Ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում:

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, համերգի գաղափարի հեղինակ Սերգեյ Սմբատյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում համերգը բնորոշել էր որպես բացառիկ:

«Բացառիկ համերգ է ոչ միայն այն առումով, որ եկել են լավագույն երաժիշտները, այլև մենք կատարում ենք հայկական երաժշտություն, որը ստեղծվել է հարյուր տարվա ընթացքում: Եկել են երաժիշտներ, որոնք եկել են Հայաստան՝ հասկանալով խնդիրը, ասելիքը և գաղափարը»,-նշել էր Սերգեյ Սմբատյանը:

Վիդեոն`yerkirmedia.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]