Առաջիկայում Հայաստանում խոշոր ֆրանչայզինգային նախագծեր կլինեն. հարցազրույց Տիգրան Ջրբաշյանի հետ

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարվա ընթացքում 100-ից ավելի ընկերություն ներկայացնող Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը կարողացել է երկրի համար կարևորագույն համաձայնագրի ստորագրման աշխատանքներում մեծ ներդրում ունենալ: Ներկայում էլ շարունակվում է համաձայնագրի կիրարկման շուրջ գործունեության ծավալումը, մասնավորապես, առաջիկա տարիներին պալատի թիրախում է ԱՄՆ-ի հետ երկակի հարկումը վերացնելու հարցը: «Արմենպրես»-ն այս և Հայաստանի տնտեսական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի խորհրդի նախագահ, «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ:

-Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատն արդեն 15 տարի է, ինչ գործունեություն է ծավալում, այս տարվա ընթացքում ավարտին հասցվեցին Առևտրի և ներդրումների պաշտպանության շրջանակային պայմանագրի ստորագրման աշխատանքները, ներկայում համաձայնագրից բխող ի՞նչ գործընթացներ կան:

-Մի փոքր պալատի մասին: Ես երբևիցե հասարակական գործունեությամբ չեմ զբաղվել, ինձ համար էլ հետաքրքիր էր Ամերիկյան առևտրի պալատը: Եզակի կառույց է, որովհետև այս 15 տարվա ընթացքում գործում է միայն անդամավճարներով, որը շատ կարևոր է: Նմանատիպ կառույցների առաքելությունն իր անդամների համար որոշակի ավելացված արժեք ստեղծելն է, և պալատը ստեղծված է անդամներին ծառայություններ մատուցելու համար, որի համար մարդիկ պատրաստ են գումար վճարել: Հայաստանում նմանատիպ կառույցները շատ հաճախ շփոթում են իրենց առաքելությունն ու դառնում կազմակերպություն ինքն իր համար:

Նշեմ, որ ես Ամերիկյան առևտրի պալատի 8-րդ նախագահն եմ պալատի գործունեության 15 տարվա ընթացքում: Շատ կարևորում եմ այն փաստը, որ պալատը ընտրության առողջ հնարավորություն է տալիս, և, այսպես ասած, մեկ անձի «վերարտադրություն» չի կատարում:

Անցյալ տարի ընտրությունների ժամանակ նորմալ ընտրական գործընթաց էր ձևավորվել, մասնակիցները հանդես եկան ծրագրերով, և տեղի ունեցավ քվեարկության գործընթաց: Սա լրացուցիչ պատասխանատվություն է ստեղծում թե' խորհրդի համար, որը ռեալ հարցեր է քննարկում, որոշումներ կայացնում, և թե' նախագահի համար, որը որոշակի ծրագրով ընտրվում է ու պարտավորվում անդամների համար ինչ-որ գործունեություն իրականացնել:

Վերջին 7-8 տարիներին Ամերիկայի առևտրի պալատը ակտիվորեն աշխատում էր շրջանակային համաձայնագրի շուրջ. մենք լոբբինգ էինք անում ու ներկայացնում դրա ստորագրման կարևորությունը հատկապես ամերիկյան կողմի առջև:

Շրջանակային համաձայնագրում որևէ հստակություն չկա, այն մի ձևաչափ է, որի շրջանակներում կողմերը հետագայում պետք է մշակեն որոշակի քայլեր` ուղղված առևտրի և ներդրումների խթանմանը: Նմանատիպ երկկողմ համաձայնագրեր ԱՄՆ-ն ԱՊՀ տարածքում քիչ երկրների հետ է կքնել, և այդ իմաստով Հայաստանը բավական լավ դիրքում է գտնվում: Այժմ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես այդ համաձայնագիրը կօգտագործվի:

Գործում է երկկողմ մշտական հանձնաժողով` հայկական կողմից էկոնոմիկայի նախարարն է մասնակցում, ամերիկյան կողմից` ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչը:Այս տարվա հոկտեմբեր ամսին կայացավ առաջին նիստը: Կարևոր է, որ ըստ ձևաչափի, այդ նիստներին շատ ակտիվ մասնակցություն են ունենում գործարար աշխարհի ներկայացուցիչները: Մենք շատ լավ նախապատրաստվել էինք և որոշակի խնդիրներ էինք բարձրացրել թե' հարկային համակարգի բարեփոխումների, թե' մաքսային գործընթացների, թե' մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համակարգի առումով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է ներկայացվի երկկողմ հաստատված անելիքների ցանկը` կոնկրետ բովանդակային քայլեր: Հիմա այդ ցանկին ենք սպասում:

-Որո՞նք ենք Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի առաջնահերթությունները, ի՞նչ գլոբալ ծրագրեր կան առաջիկայում:

-Առաջնային ծրագիրը Հարկային օրենսգիրքն է, նախագծի քննարկման մեջ մեծ դերակատարում ունենք` ներկայացնում ենք մեր դիտողություններն ու առաջարկությունները: Պալատը ներկայացնում է 12 ոլորտում գործող ավելի քան 100 ընկերություն` սկսած աուդիտորական ընկերություններից և ավարտած լեռնարդյունաբերական, ՏՏ ոլորտի ընկերություններով: Պետք է այնպես անենք, որ Պալատի գործունեությունը համահունչ լինի այդ բոլոր ընկերությունների շահերին: Պալատի առաքելությունն է ծառայություն մատուցել իր անդամներին, և քանի որ Հարկային օրենսգիրքի հարցի շուրջ բոլորի շահերը համընկնում են, մենք շատ ակտիվ ենք այդ հարցում:

Կարևորում ենք նաև Միացյալ Նահանգների հետ շրջանակային համաձայնագրի լիիրավ կիրարկումը:

Մեկ այլ ուղղություն են հանդիսանում արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շուրջ աշխատանքները, որին Հայաստանն անդամակցում է: Հուսով ենք, որ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին Հայաստանը կդառնա այդ կոնվեցիայի անդամ` ստորագրելով ու պարտավորվելով հրապարակել հանքարդյունաբերական ոլորտի ցուցանիշների վերաբերյալ բաց տեղեկատվությունը:

Շատ ակտիվ աշխատանքներ ենք ծավալում մեր Պալատի անդամների միջև կապերի միջև ձևավորման համար: Ունենք վերջերս ընտրված նոր խորհուրդ: Հուսով եմ, որ խորհրդի աշխատանքները կլինեն առավել արդյունավետ ու թույլ կտան հաշվի առնել բոլորի շահերը:

Զգալի աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ի հետ երկակի հարկումը վերացնելու ուղղությամբ, և դրա համար ներկայացնում ենք վերլուծական նյութեր: Սա երկարատև նախագիծ է, որը դժվար կլինի իրականացնել գալիք տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, կարևորում ենք այս նախագիծը, քանի որ այն բավականին օգտակար կլինի ներդրումների, առևտրի և բիզնես հարաբերությունների զարգացման առումով:

-Մի հանդիպման ժամանակ ասել եք, որ Հայաստանի տնտեսությունը բարենպաստ է ԱՄՆ ֆրանչայզինգային ձեռնակությունների համար: Կմանրամասնե՞ք այդ հնարավորությունները:

-Հայաստանի շուկան շատ փոքր է, և օտարերկրյա ընկերությունների մեծ մասի համար` անծանոթ: Այլ բան են ֆրանչայզինգային ներդրումները: Այդ ընկերությունները չեն տիրապետում տեղական շուկայի առանձնահատկություններին և գործնական ռիսկերին: Այս առումով մի շարք օտարերկյա ընկերությունների համար ֆրանչայզինգն ավելի հրապուրիչ է, քան ուղղակի ներդրումները: Ընկերությունը, որ տալիս է ֆրանչայզինգային իրավունքներ, մեծ ռիսկեր չի վերցնում իր վրա. միայն հեղինակային, օպերացիոն ռիսկեր, բայց ոչ մեծ ֆինանսական ռիսկեր: Միևնույն ժամանակ ֆրանչայզինգային պայմանագրերը տեղական շուկայում հնարավորություն են ստեղծում ձևավորելու լավագույն միջազգային փորձին համահունչ բիզնեսի կառավարման մեխանիզմներ և մշակույթ: Նշեմ նաև, որ Հայաստանի բիզնես միջավայրի ներկայիս ցուցանիշները բավականին բարենպաստ են ֆրանչայզինգային նախագծերի զարգացման համար: Ներկայում նույնիսկ ունենք հայկական բրենդներ, որոնք կարող են ֆրանչայզինգի միջոցով ապահովել իրենց հետագա զարգացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ի դեպ, «ֆրանչայզինգ»-ն անգլոսաքսոնական ծագում ունի, և այդ նախագծերում շատ ակտիվ է Ամերիկան: ԱՄՆ-ում քիչ թե շատ փոքր բիզնեսը, որ փորձում է աճել, առաջնային ուղղությունը տեսնում է ֆրանչայզինգային պայմանագրերով զարգացման մեջ, դա արդյունավետ է, արագ և քիչ կապիտալատար: Ներկայիս աշխարհում, երբ անորոշությունը շատացել է և կարևորվորվում են շատ արագ գործողությունները, կարծում եմ` նմանատիվ ձևաչափն օգտակար է Հայաստանի համար: Ստուգված ձևաչափերը, որոնք արդեն ապացուցել են իրենց կայությունն ու կենսունակությունը համաշխարհային մասշտաբով, ավելի քիչ ռիսկային են իրականացման տեսանկյունից, քան սեփական բրենդների ստեղծումը, օպերացիոն նախագծերի մշակումը: Այս առումով սա բավական հեռանկարային ոլորտ է, և ակնկալում եմ, որ առաջիկայում Հայաստանում խոշոր ֆրանչայզինգային նախագծեր կլինեն:

-Անուններ կարո՞ղ եք նշել:

-Նմանատիպ գործարքները սիրում են լռություն մինչև այն պահը, երբ կդառնան ավելի ստույգ: Գիտեմ, որ որոշ ընկերություններ բանակցային փուլում են: Կարևորն այն է, որ կա հետաքրքրություն, և բիզնեսի կողմից համապատասխան քայլեր են կատարվում:

-Բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանի համար գերխնդիր է ներդրումների ներգրավումը: Ձեր կարծիքով` հատկապես ո՞ր ոլորտները կարող են թե' ամերիկյան, թե' այլ երկրների ներդրողների համար գրավիչ լինել Հայաստանում:

-Մենք հստակ չենք պատկերացնում, թե որքանով են կարևոր ներդրումները: Երբ ուղղակիորեն նայում ենք ցուցանիշներին, որոնք բնութագրում են տվյալ երկրի ներդրումային իրավիճակը, տեսնում ենք, որ Հայաստանը տարիներ շարունակ «վազում» է այդ ցուցանիշի հետևից ու հասել է կրիտիկական կետի:Այս պայմաններում «հետևից հասնող» աճի (догоняющий рост) հնարավորությունները գրեթե բացակայում են: Հայաստանը մինչև հիմա իրականում մեծամասամբ օգտագործում է այն ներդրումային բումը, որ եղել է Խորհրդային միության ժամանակ: Մենք իրականում նոր, լուրջ կապիտալ ներդրումներով զարգացում շատ քիչ ենք ապահովել: Այսօր խնդիրը ոչ թե այն է, որ ներդրումները շատ են կամ քիչ, այլ այն է, որ մենք ունենք մի իրավիճակ, որ իրականության մեջ կորցնում ենք ավելի շատ ակտիվներ, քան ներգրավում ենք: Գնում է տնտեսության դեգրադացիա: Այս իմաստով ներդրումները ոչ թե կարևորվում են տվյալ տարվա կտրվածքով, այլ ապագայի առումով: Խոսքը վաղվա օրվա մասին է: Ճիշտ է` այսօրվա տնտեսական համակարգն ավելի քիչ կապիտալ ներդրումներ է պահանջում ավելացված արժեք ստանալու համար, քանի որ մտավոր սեփականությունն ու մարդկային կապիտալն են շատ կարևոր, բայց դրան հասնելու համար պետք է ունենալ նվազագույն ակտիվներ, որոնք պետք է ապահովեն զարգացում: Հայաստանը տարեց տարի կորցնում է այդ ակտիվները. հնանում են ճանապարհները, շենքերը, արտադրական ներուժը, և մենք, ներդրումներ չանելով, լուրջ նորարարական նախագծեր չիրականացնելով, կորցնում ենք մեր ապագան: Այդ իմաստով ներդրումների կարևորությունն այն միակ խնդիրն է, որ պետք է լուծի հասարակությունը: Դա ոչ միայն պետության, նաև հասարակության խնդիրն է:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Շարունակելի...

Հայերեն English Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան