Մշակույթ

Ցեղասպանության տարելիցին 35 երկրում մշակութային 400 միջոցառում է անցկացվել

3 րոպեի ընթերցում

Ցեղասպանության տարելիցին 35 երկրում մշակութային 400 միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 35 երկրում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված 400 միջոցառում է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

«Սա, իսկապես, հսկայածավալ թիվ է: Իհարկե, կային խոշոր և փոքր միջոցառումներ: Բայց պատերացնենք, որ միջին հաշվով, օրական մեկից ավելի միջոցառում է տեղի ունեցել: Տարբեր երկրներում տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը. հեղինակավոր ստեղծագործող կոլեկտիվները և անհատներն իրենց ելույթները նվիրում էին Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայաստանյան կոլեկտիվները և անհատ կատարողներն արտերկրում համերգներ ունեցան, օրինակ`Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, պետական երիտասարդական նվագախմբերը, Հայաստանի փոքրիկ երգիչները, պարի պետական անսամբլը, Արամ Խաչատրյան տրիոն և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ տեղի են ունեցել նաև տարաբնույթ ցուցահանդեսներ, որոնցում ներկայացված էր հայ քաղաքակրթությունը, որի մի մասն էր կազմում Հայոց ցեղասպանության խնդիրը:

«Մեր խնդիրն էր ներկայացնել ազգի, ժողովրդի անցած ճանապարհը, որում ցեղասպանությունը եղել է ընդամենը մի հատված, և ցույց տալ աշխարհին, որ մեր հայացքն ուղղված է ոչ թե հետ, այլ առաջ: Մենք այս իրադարձությունների պատճառով ոչ թե կորցրել ենք մշակույթ, այլ այն տարածվել է աշխարհում, ձևափոխվել`աշխարհագրական իմաստով»,-նշեց նա:

Ներսես Տեր-Վարդանյանը հիշեցրեց նաև, որ աշխարհի տարբեր երկրներում այս տարի անցկացվել են «Այլևս երբեք» խորագրով ֆիլմերի ցուցադրություններ, նկարահանվել են տարելիցին նվիրված ֆիլմեր: Նախարարի տեղակալն առանձնակի շեշտեց, որ Հայաստանը մասնակցել է Վենետիկի միջազգային բիենալեին, Միդեմ փառատոնին, Պրահայի Կվադրինալեին և այլն:

«Աշխարհահռչակ մի շարք արտիստներ`Եվգենի Կիսինը, Մարիա Գուլեգինան, Վլադիմիր Սպիվակովը, Էմիր Կուստուրիցան և այլք, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթներ ունեցան Հայաստանում»,-հավելեց նա`շեշտելով, որ տեղի են ունեցել նաև տարելիցին նվիրված ներկայացումների պրեմիերաներ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում