Ստամբուլի օդանավակայանում պայթյունից տուժածի վիճակը ծանր է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում` ՍաբիհաԳյոկչենի օդանավակայանում, դեկտեմբերի 23-ի գիշերը` 02:05-ին, պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու մարդ է տուժել: Չի բացառվում ահաբեկչության վարկածը: Անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ուժերը, ժամանել է ոստիկանական ուղղաթիռ: Եվս մեկ ուղղաթիռ Աթաթուրքի անվան օդանավակայան է ուղարկվել:
Մասնագետներն ստուգում են դեպքի վայրում պայթուցիկների առկայության հնարավորությունը: Ստուգումներ են անցկացվում նաև մի քանի ինքնաթիռներում, որոնք գտնվում են կայանատեղիում:
Իշխանություններն ահաբեկչության վարկածը դեռևս չեն հաստատում: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը նշել է, որ պայթյունը որոտացել է «դեռևս չպարզված հանգամանքներում»: «Տուժել են երկու հավաքարարներ, նրանց հոսպիտալացրել են: Նախաքննությունը շարունակվում է»,-«Անադոլու»-ին ասել է Շահինը: Արտակարգ իրավիճակի վայրում ուղևորներ չեն եղել: Օդանավակայանի աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով: