4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը փորձում էր տեր կանգնել ամեն ինչին: Այս մասին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նշեց գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:
«Ինչքանով է իրականությանը համապատասխանում նրա երազած հայրենիքը` մենք և դուք ենք տեսնում: Առողջ և հստակ տեսլական է, հասկացողը թող հասկանա: Այդ տեսլականով երկիրն ունի գոյության իրավունք և մարտահրավերներին դիմակայելու ու առաջ ընթանալու հնարավորություն: Դրան պետք է ձգտել ամեն օր: Մշակույթը հայրենիք է ստեղծում, երկիրը դարձնում երկիր ու պետություն: Իր բառերը մի փոքր փոխելով ասեմ: Մենք դրան պետք է ձգտենք: Նրա վերաբերմունքը հայրենիքի, երկրի, բնության, մարդկանց, ամեն ինչի հանդեպ տեր լինելն էր: Նա փորձում էր տեր կանգնել բոլորին ու բոլորիս: Կարծում եմ` որևէ մեկիս համար քաղաքացի լինելու խնդիրն էր դնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Դավիթ Մաթևոսյանը:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի տնօրենի խոսքով` մի անգամ հարցազրույցներից մեկում Մաթևոսյանն առանց անուն տալու երկու ստեղծագործություն է մատնանշել` մեկը` որպես ամենահաջողված, մյուսը` որպես ամենատապալված:
«Անունները չի տալիս, բայց ուսումնասիրելով ենթադրում ենք, որ ամենափայփայածը «Նանա իշխանուհու կամուրջ»-ն է եղել, իսկ ամենաչհաջողվածը` «Հաղարծին» անավարտ վիպակը: Բայց մեր ենթադրությունն է»,-շեշտեց նա:
Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրեց նաև, որ տարեվերջին մշակույթի նախարարության հետ պայմանագիր են կնքել մաթևոսյանական անտիպ ստեղծագործությունների գրքի մի մասի ֆինանսավորման վերաբերյալ: «Հույս ունեմ` մյուս տարի առաջին կիսամյակի ընթացքում լույս կընծայվի ստեղծագործությունների երկհատորյակը»,-ընդգծեց նա:
Դեկտեմբերի 18-ին` մեծ գրողի մահվան օրը, Հայաստանի գրողների միությունը կազմակերպեց այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:
«Հրանտ Մաթևոսյանն իր մտածողությամբ առավել կենտրոնացավ մի տարածքի` Ահնիձորի, Դեղի, Լոռվա աշխարհի անկյունում և այնտեղ հայտնաբերեց այն, ինչ նստած էր իր ենթագիտակցության, ճանաչողության, փորձի մեջ: Դարավոր մարդու հայ մարդու տեսակը, տղամարդ, կին, գյուղի ոգին»,-հավելեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:
1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով:Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց: