ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարների խմբագրման և տարածման հայկական PicsArt բջջային հավելվածը Forbes-ի կողմից կազմված «2015 թվականի ամենաթեժ ստարտափ»-երի շարքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Forbes-ը հայկական արտադրության բջջային հավելվածը գնահատել է 250 մլն ԱՄՆ դոլար:
PicsArt ֆոտոխմբագիր հավելվածի միջոցով կարող եք խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, որի միջոցով կարող եք լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում: PicsArt-ն աշխատում է ինչպես՝ Android, այնպես էլ iOS հարթակներում: PicsArt-ը 2014-ի փետրվարին ներգրավել է 10 մլն դոլարի չափով ներդրում Sequoia Capital վենչուրային հիմնադրամից, իսկ հունիսին՝15 մլն դոլարի ներդրում է ստացել Insight Venture Partners-ի և Sequoia Capital ներդրումային ընկերությունների կողմից։