Փոքր Հայաստանի ՏՏ մեծ հաջողություններն ապշեցնում են արտասահմանցի մասնագետներին
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչության թվի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվածների թվի հարաբերակցությունը հույս է ներշնչում, որ Հայաստանը վերականգնելու է իր երբեմն դիրքը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանը միանշանակ կարող է նշյալ ոլորտում պատվեր կատարողից վերածվել լուծում առաջարկողի: Այս և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հետ:
-Պարոն Փախչանյան, Դուք ստարտափերին աջակցող տարբեր դրամաշնորհային մրցույթներում ժյուրիի անդամի դերում եք հանդես գալիս, ծանոթ եք սկսնակ ընկերությունների գաղափարներին, ի՞նչ դիտակումներ ունեք` ինչ վիճակում են հայաստանյան ստարտափերը: Արդյոք, մենք կարո՞ղ են պատվեր կատարողից վերածվել լուծում առաջարկողի:
-Այն, որ մենք կարող ենք լինել լուծում առաջարկող, դա միանշանակ է: Մենք իրականում արդեն այդպիսին ենք, Հայաստանի բնակչության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավվածների թվի (հաշվարկվում է մոտ 15 հազար մարդ) հարաբերակցությունը խոսում է շատ լավ արդյունքների մասին: Միակ բանը, որ պիտի շարունակենք անել, մեր երիտասարդներին շահագրգռելն է, որ այս ոլորտով հետաքրքրվեն: Կարևոր է, որ նրանք չձգտեն հեշտ կյանքի` տնտեսագետ-իրավաբան դառնալ, այլ փորձեն գնալ այն ոլորտ, ուր կա իրական զարգացում:
-Հայաստանում օրենսդրական բարեփոխումներ են կատարվում, որոնք արտոնություններ են տալիս ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին: Դրան զուգահեռ կան ընկերություններ, որոնք գրանցվում են Հայաստանից դուրս, ինչպե՞ս շտկել այդ իրավիճակը:
-Ես որևէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ այլ երկրում են գրանցվում ընկերությունները: Գրացումը միայն նշանակում է, թե ինչ իրավաբանական գործիքներ են օգտագործելու ընկերությունները, եթե իրավաբանական հարցեր առաջանան: Այն փաստը, որ որևէ ընկերություն գրանցված է մի տարածքում, այդ տարածքին հատուկ արտոնություն չի տալիս: Օրինակ, Սինգապուրը շատ մեծ գումար չի ստանում նրանից, որ ինչ-որ հայկական ընկերություն գրանցված է այնտեղ: Այո, մի քանի աշխատավարձ, շատ քիչ քանակի հարկեր, միայն այդքանը: Այլ երկրում գրանցված լինելն օգտակար է նաև, երբ միջազգային ներդրողները, որոնք փոքր երկրի իրավաբանական դաշտը մանրամասն ուսումնասիրելու ժամանակ ու հնարավորություն չունեն, հասկանան, թե ինչպես այնտեղ գործեն, ինչ ռիսկեր կառաջանան ներդրումների դեպքում:
Որ երկրում ուզում են, թող գրանցված լինեն` Սինգապուր, Կիպրոս, ԱՄՆ, ամենակարևորը, որ գումարներն աշխատավարձի տեսքով ծախսվեն Հայաստանում, ընկերությունները գեներացնեն շահույթ և հարկեր վճարեն հենց Հայաստանում:
-Մասնագետները կարծում են, որ Հայաստանը կարող է դառնալ Սիլիկոնյան հովիտ Հարավային Կովկասում (շրջանառվում է «Արարատյան հովիտ» հասկացությունը): Ի՞նչն է պակասում մեզ դա իրականացնելու համար:
-Խորհրդային տարիներին Հայաստանը բավականին մրցակցային դաշտում, որտեղ կար Ռուսաստան, Մերձբալթյան երկրներ, փաստացիորեն կարողացել է դառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդումների հիմնական երկիրը: Բավական է հիշել, որ իր վերջին տարիներին արդեն ճգնաժամային վիճակում գտնվող երկիրը որոշել է ներդրում անել Հայաստանում ռոբոտաշինական ծրագիր սկսելու համար: Դժբախտավար, ռոբոտների գործարանի շինարարությունը չավարտվեց: Այն տարիներին այդ աստիճան վստահում էին Հայաստանին որպես նոր գաղափարների հղացման, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի:
Մենք ունեինք ամբողջ Խորհրդային Միության տարածքում բարձրագույն կրթություն ունեցողների ամենաբարձր տոկոսը, մեկ մարդու հաշվարկով տարբեր տեսակի գիտահետազոտական ինստիտուտներն ամենաշատն էին: Մենք ունեինք գիտական զարգացող միջավայր, և այդ ամենը դեռ վառ է մեզանում: Մենք շարունակում ենք հարգել գիտնականներին, ազգովի սիրում ու գնահատում ենք ցանկացած գիտական հաջողություն: Ամեն երկրում չէ այդպես:
Ասեմ, որ ստարտափերի քանակը Հայաստանում զարմացնում է բոլորին: Ես մասնակցում էի դրամաշնորհային մրցույթի որպես ժյուրիի անդամ, որտեղ ներգրավված էր նաև ռուսական հայտնի ներդրումային ընկերության մասնագետը: Նա ասաց, որ նույն քանակի մասնակիցներով մրցույթ նա դատել է Ռուսաստանում ամբողջ ՌԴ-ից հավաքված թիմերի շրջանում, ու այդ որակը չի տեսել: Նրա խոսքով` փոքր Հայաստանում տեսնելով այդ որակը, ապշել է:
-Ինչպես գիտենք «Այբ»-ի աշակերտները ևս խորապես ներգրավված են ոլորտին առնչվող ծրագրերում, վերջերս դպրոցում բացվեց ֆաբլաբ, գործում է ռոբոտաշինության խմբակ:Մի փոքր կպատմեք դպրոցի տեսլականի մասին:
-«Այբ»-ը համարում է, որ կրթությունը ինքնանպատակ չէ, այն միջոց է ստեղծելու մարդկանց, ովքեր պետք է աշխարհ փոխեն, սիրեն իրենց երկիրը և ցանկանան իրենց կյանքը ներդնել երկրի զարգացման գործում: Մենք փորձում ենք աշակերտական տարիներին նրանց ներգարավել որևէ աշխատանքի մեջ, որը գործնական արդյունք է տալիս: Աշակերտները, հիմնվելով իրենց ներկայիս հմտությունների վրա, անում են բաներ, որոնք կարող են օրինակ ծառայել հասուն կայացած ընկերությունների համար: Դրանով ուզում ենք իրենց ցույց տալ, որ կարիք չկա տասը տարի սպասել մինչև կրթություն կստանան ու աշխատանքի կանցնեն, նման արդյունք ստեղծելու համար: Այժմվանից պետք է երազել մեծ բաների մասին ու ձգտումներ ունենալ, համոզված լինել սեփական ուժերի մեջ:
-«Այբ»-ի աշակերտները դպրոցն ավարտելիս նախընտրում են հայկակա՞ն, թե՞ արտասահմանյան բուհեր, ինչպիսի՞ն է վիճակագրությունը:
-Հիմնականում Հայաստանում են շարունակում: Մեզ դիմող շրջանավարտներից շատերն ակնկալում են, որ «Այբ»-ն իրենց կօգնի կրթություն ստանալ արտասահմանում, բայց քանի որ մենք նրանց երազանքները վերածում ենք իրականության, ապա ավարտելիս հասկանում են, որ իրականությունն այլ է: Նրանք հասկանում են, որ այն պատրանքն ու երազանքը, թե կկայանան այլ տեղ գնալով, լուրջ հիմքեր չունեն: Ինքնավստահությունը բերում է սթափության, ու աշակերտներն սկսում են այլ վերաբերմունք ցուցաբերել տարբեր երևույթների նկատմամբ, օրինակ, ծնողների կողմից ներդրումներին: Մենք ունենք աշակերտներ, ովքեր գիտակցաբար ասում են` ինչ իմաստ ունի ծնողներիս գումարը ծախսեմ արտասահմանում սովորելու վրա, ինչ է թե հարմարավետ միջավայրում ստանամ այդ կրթությունը: Կարող եմ հայկական բուհում շարունակել ուսումս, որտեղ ես ինքս, եթե ցանկություն ունենամ, կկրթվեմ: Հետագայում մագիստրոսի համար կդիմեմ մի այլ տեղ, այդ ժամանակ հավելյալ կրթություն կստանամ, կդառնամ լավ մասնագետ: Արդյունքում մեր շրջանավարտների 10-15 տոկոսն է արտասահմանում ուսումը շարունակում: Բայց ոչ թե Հայաստանից փախչելու ցանկությամբ են գնում, այլ որ շատ լավ բուհեր են ընդունվում, նպատակադրված գնում են լավ կրթություն ստանալու:
-Շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պակասի, ինչպես նաև կրթության ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ է պետք անել, ո՞րն է ձեր լուծումը:
-Այս պահին ունենք մասնագետների պակաս, կոպիտ հաշվարկով 2000 աշխատատեղ այս պահին թափուր է ու իմ պատկերացմամբ` դրանց քանակն աճելու է ու բավականին կտրուկ: Միևնույն ժամանակ բուն կրթական համակարգի բարելավումն այս խնդիրը չի լուծի միանգամից, քանի որ այդ տեղերի զգալի մասը որակյալ ու փորձառու մասնագետների համար են նախատեսված: Նման մասնագետ որքան էլ ձգտես, դժվար է ստանալ բուհական միջավայրից: Պետք է որոշակի ժամանակ այդ մարդը իրական բիզնեսում լինի, փորձ կուտակի: Իմ պատկերացմամբ` միջոցն այն է, որ բոլոր բուհերը, որոնք պատրաստ ենք արտադրել ՏՏ ոլորտի մասնագետներ, իջնեն երկնքից ու կապվեն իրականության հետ: Հստակ հասկանան, թե ինչ հմտություններ են փոխանցում ապագա մասնագետին, դրանք որքանով են կիրառելի, արդյոք, այդ հմտությունների պահանջարկը կա, թե ոչ:
Մյուս կողմից` խնդիրն այն է, որ ընկերությունները չեն ներգրավվում կրթական գործընթացներում: Կա ինչ-որ աբստրակտ խոսակցություն ընկերությունների կողմից, թե մեզ համար լավ կադրեր պատրաստեք: Երբևիցե որևէ մեկն իրավունք չունի իրեն կրթության պատվիրատու դիտել: Եթե ցանկանում ես կրթությունը բարելավել, պետք է մտնես դրա մեջ: Աշխարհում հաջողությունների հասած բոլոր ընկերություններն ունեն կրթական թև, ունեն լուրջ ներգրավվածություն տարբեր կրթական համակարգերում, բուհերում ամբիոններ են բացում: Այդ մոտեցման դեպքում մենք կունենանք արդյունք: Վաղ թե ուշ ողջ հասարակությունը պետք է ներգրավվի կրթության մեջ, այլապես այն չի զարգանա:
Հարցազրույցը` Անի Նազարյանի