Լավրովը հավանության է արժանացրել թուրք-սիրիական սահմանը փակելու Օլանդի գաղափարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է իսլամիստ ջիհադականների մուտքը դեպի Սիրիա կանխելու համար թուրք-սիրիական սահմանները փակելու մասին Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գաղափարը եւ պատրաստ է միջոցներ ձեռնարկել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովը հայտնել է ռուսաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ դա ճիշտ առաջարկ է: Կարծում եմ, որ վաղը նախագահ Օլանդն այդ մասին մեզ կասի ավելի մանրամասն: Մենք պատրաստ ենք լրջորեն իրականացնել դրա համար անհրաժեշտ միջոցառումները: Շատերն ասում են, որ փակելով այդ սահմանը, ըստ էության, կդադարեցնենք, կկանխենք Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը», -ասել է նա:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում կռվել Թուրքիայի հետ, եւ թուրք ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել:
«Մեզ մոտ հարցեր են ծագում ներկայիս թուրքական ղեկավարության գործողությունների նկատմամբ», -ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: