ԱՀԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ սերտ գործակցելու Իրանի ցանկությունը դրական կազդի Հայաստանի վրա
3 րոպեի ընթերցում
![ԱՀԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ սերտ գործակցելու Իրանի ցանկությունը դրական կազդի Հայաստանի վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/11/825365.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը` ընդհուպ մինչև ազատ տնտեսական տարածք ստեղծելը, կարող է զարգանալ երկու ուղղությամբ: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը` նշելով, սակայն, որ ազատ տնտեսական տարածքի ձևավորումը մոտ հեռանկարում տեսանելի չէ: «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական տարածք ստեղծելու հեռանկարը ոչ այնքան մոտ ապագայում է հնարավոր, քանի որ Իրանի տնտեսությունը կողմնորոշված է դեպի ներքին արտադրողն ու շուկան: Չնայած իրավիճակը գնալով փոխվում է, Իրանի Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված է հատուկ խումբ, որն այսօր ակտիվորեն զբաղվում է Իրանի ու Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև բանակցություններ նախապատրաստելու հարցերով: Այսինքն` Իրանը գնում է սեփական առևտրային համակարգի ազատականացման ճանապարհով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց իրանագետը: Նրա խոսքով` Իրան-Եվրասիական տնտեսական միություն պոտենցիալ գործընկերային հարաբերություններն էլ պայմանավորված են ոչ այնքան Իրան-Ռուսաստան հարաբերություններով, որքան նրանով, որ Իրանը Կենտրոնական Ասիայում ակտիվ խաղացող է, իսկ Ղազախստանը նրա կարևոր առևտրատնտեսական գործընկերներից է: «Համագործակցության մյուս հեռանկարը Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու նախագծի շուրջ է: Իսկ ՌԴ-ի ու Չինաստանի նախագահները հայտարարել են, որ ԵԱՏՄ-ն ու «Մետաքսի ճանապարհ»-ը շահերի միավորման ուղով են գնալու: Այսպիսով` Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը կարող է ծավալվել նաև այդ ուղղությամբ` Իրան-ԵԱՏՄ-«Մետաքսի ճանապարհ» համագործակցության համատեքստում` ընդհանուր տրանսպորտային, ֆինանսական, առևտրային հարթություններ ստեղծելով»,-ասաց Սևակ Սարուխանյանը:
Իրանագետի խոսքով` վերոնշյալը Հայաստանի վրա կունենա միայն դրական ազդեցություն: Առաջինը` Իրանը ցանկանում է անդամակցել ԱՀԿ-ին, Իրանի ներսում կսկսվեն բարեփոխումներ, շուկայի ազատականացում կլինի, դրանից կշահեն նաև մեր տնտեսական կապերը Իրանի հետ: Իսկ եթե պայմանագիր կնքվի Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև, դրանով կվերացվեն սահմանափակումները փոքրաքանակ հայ ներդրողների համար:
Սևակ Սարուխանյանը նաև նկատեց, որ Իրան-ԵԱՏՄ համագործակցությունն ավելի հավանական է, քան գործընկերությունը ԵԱՏՄ-ի ու Թուրքիայի միջև, քանի որ Թուրքիան նոր մաքսային համաձայնագիր է կնքում Եվրամիության հետ: