Պաշտոնական

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը խնդրել է նախագահ Ասադի շնորհակալությունը փոխանցել Սերժ Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը խնդրել է նախագահ Ասադի շնորհակալությունը փոխանցել Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ, ով իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին իրենց կողքին լինելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում եւ ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին եւ մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Գալուստ Սահակյանը նկատել է նաեւ, որ թե Հայոց ցեղասպանության եւ թե աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ եւ այլ երեւույթներ:

Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «Ռուս-սիրիականդաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար եւ խնդրում եմ Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադիշնորհակալությունը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»:

Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում