ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանը սեփական հանրագիտարան ստեղծելու կարիք ունի: Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը:
«Վերադասներին մենք փորձում ենք համոզել, որ այն անչափ անհրաժեշտ է, ինչպես ժամանակին ստեղծվեց Խորհրդային Հայաստանի հանրագիտարանը: Այն կարող է բաղկացած լինել 10-15 հատորից»,- նշեց նա:
«Հայկական Հանրագիտարան» հրատարակչության ղեկավարը նաև հավելեց, որ պատրաստվում են տպագրության Հայկական երաժշտական հանրագիտարանը և Հանրագիտական բառարանը:
«Արդեն երկար տարիներ Ռուսաստանում և այլուր կիրառվում են հանրագիտական բառարանները: Շատ եմ կարևորնում նման հանրագիտական բառարանի ստեղծումը: Ռուսական տարբերակն ունի 80-100 հազար եզրույթ, որունք մենք տեղայնացրել և հարստացրել ենք», - տեղեկացրեց Հովհաննես Այվազյանը:
Նա հավելեց, որ Հանրագիտական բառարանը լույս է տեսնելու երկու հատորով և պարունակելու է 65 հազար եզրույթ: