ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հոգիս քեզնով կխայտա», «Սարը գելին», «Ողջ մնացածները». սրանք մի քանիսին են այն գործերից, որոնցում թուրք գրող Քեմալ Յալչընն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով բռնի իսլամացած և ծպտյալ հայերի թեմատիկային: Առաջին անգամ Հայաստան այցելող թուրք մտավորականին հանդիպեցի Կոմիտաս վարդապետի արձանի մոտ: Ավելի ուշ երկուսս էլ խորհրդանշական համարեցինք այն, ինչ տեղի ունեցավ մեր հանդիպումից րոպեներ անց. պատահական մի անցորդ, մոտենալով մեզ և չկասկածելով որ դիմացինն ազգությամբ թուրք է, առաջարկեց գնել իր գրքերից մեկը, որում ամփոփված էին իր ստեղծագործություններն Արարատ լեռան մասին: Յալչընն արդեն պատրաստվում էր գնել դրանցից մեկը, երբ անցորդը, ով ահաբեկվել էր իմանալով, որ դիմացինը թուրք է, պարզապես նրա ձեռքից խլեց գիրքը՝ ասելով. «Ես թուրքի գիրք չեմ վաճառի»: Եվ միայն երկարատև խոսակցությունից հետո մեզ հաջողվեց անցորդին բացատրել, որ իր առջև կանգնած ազգությամբ թուրք մարդը չի հանդիսանում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործների գաղափարական հետևորդը: Հակառակը, նա իր հրապարակած գրքերով մեծապես նպաստում է թուրքական հասարակության ներկայացուցիչների շրջանում Ցեղասպանության հետևանքների մասին իրազեկմանն ու երկրում բնակվող, սակայն իրենց ինքնությունը մեծապես թաքցնող հայերի գոյության մասին բարձրաձայնմանը:
Երևան ժամանելուց հետո Քեմալ Յալչընը, ով արդեն 25 տարի է, ինչ ուսումնասիրում է բռնի իսլամացած հայերի խնդիրը, առաջինը հենց «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ իր կյանքի պատմությամբ: «Ես ծնվել, մեծացել և կրթություն եմ ստացել Թուրքիայում: Այստեղ դպրոցում կրթություն ստանալու ժամանակ երբեք չկային հիշատակումներ հայերի, հույների կամ ասորիների մասին: Հետո ընդունվեցի համալսարան, որտեղ փիլիսոփայություն էի սովորում: Այս ժամանակ նոր-նոր սկսել էին գրել հայերի մասին, սակայն նշում էին, որ նրանք դավաճաններ են, ովքեր հարվածել են թուրքերին թիկունքից և սպանել նրանց: Հայերը ներկայացվում էին որպես թշնամի, և այսքանն էր ուսումնառությանս ընթացքում հայերի մասին իմ գիտելիքը»,- պատմեց թուրք հեղինակը: Համալսարանն ավարտելուց հետո նա սկսել է դասախոսել, դարձել է ուսուցիչների արհմիության անդամ, սկսել է խմբագրություն անել ձախակողմյան թերթերից մեկում: 1980 թվականի Թուրքիայի ռազմական հեղաշրջումից հետո քրդերի և թուրքերի միջև հավասարություն և եղբայրություն քարոզող հոդվածների համար ենթարկվել է հետապնդումների, դատապարտվել է բանտարկության և ստիպված, ընդհատակ անցնելով, փախել է Գերմանիա: «Թուրքիայում ես մեծամասնության անդամ էի, սակայն Գերմանիայում դարձա թուրքական փոքրամասնության անդամ և աստիճանաբար սկսեցի հասկանալ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների հոգեվիճակը: Նրանց բոլոր տառապանքները, հոգու խռովքը դարձան ինձ համար հասկանալի: Բոլորովին այլ մարդ դարձա: Այդ տարիներին Գերմանիայում օտարների նկատմամբ թշնամության շրջան էր, պատերին անգամ գրված էր. «Թուրքե՛ր, անհետացե՛ք»: Թուրքիայում դատապարտված լինելու պատճառով 15 տարի չէի կարող հետ վերադառնալ հայրենիք, այս տարիների ընթացքում շատ լավ հասկացա, թե ինչ է նշանակում հայրենիք կորցնել, չկարողանալ վերադառնալ սեփական հայրենիք: Ինձ մոտ փոփոխության շրջան էր: Միայն ավելի ուշ սկսեցի գիտակցել, թե ինչքան դաժան է հայերի համար, ովքեր նույն իրավիճակում են, զրկված են սեփական հայրենիքից, որտեղ վերադառնալ չեն կարող»,- անկեղծացավ թուրք գրողը:
Հայերի մասին իր առաջին գիրքը՝ «Հոգիս քեզնով կխայտա», Յալչընը գրել է այն բանից հետո, երբ պարզել է, որ Գերմանիայում շուրջ 2 տարի իրեն մանկավարժություն դասավանդած աղջիկը՝ Մելինեն, հայ է, ում էլ հենց նվիրվում է գիրքը: Հետագայում թուրքերենով հրատարակված գիրքը Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին սրբազան Բեքչյանը թարգմանել է հայերեն: Հեղինակը հպարտորեն նշեց, որ գիրքը մինչև հիմա թարգմանվել է 8 լեզվով: Այս առաջին գրքին հետևում են նորերը, որոնք ևս պատմում են Հայոց ցեղասպանության հետևանքով խեղված ճակատագրերի մասին:
Խոսելով Երևան կատարած առաջին այցելության մասին՝ թուրք մտավորականն իր հոգեվիճակը համեմատում է տասնյակ տարիներ իրար չտեսնելուց հետո նորից հանդիպած բարեկամների հոգեվիճակի հետ: «Ինչ ջերմությամբ կողջագուրվեին այդ բարեկամները, ահա ես էլ նույնն եմ զգում Հայաստանում գտնվելու կապակցությամբ»,- նշում է մտավորականը: Նրան հատկապես ապշեցրել էր, թե մեզ՝ հայերիս մոտ Արարատ լեռն ինչ խորհրդանշական և կարևոր տեղ է զբաղեցնում: «Ինքնաթիռից իջնելիս տեսա Արարատ սարը, այնուհետև այդ անունով գինիներ, բանկ և այլն, և այլն... Արարատի մի կողմում Թուրքիան է, մյուս կողմում՝ Հայաստանը: Արարատը հոր պես կանգնած է մեջտեղում և, ասես մի ձեռքով գրկելով Թուրքիային, իսկ մյուսով Հայաստանին, ասում է. «Դե եկեք, ի’մ չարաճճի զավակներ, բավական է արդեն, հաշտվե’ք»,- ժպտալով իր պատկերացումներով է կիսվում Յաըչընը:
Նա լիահույս է, որ հայ-թուրքական հարաբերություններն ի վերջո կկարգավորվեն, քանի որ Թուրքիայում հատկապես վերջին տարիներին շատանում են մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնում առերեսվելու իրենց անցյալի հետ: Մտավորականը, սակայն, նշում է, որ այս գործընթացը խաթարող միակ ուժը ժամանակակից Թուրքիայի իշխող կուսակցությունն է և նախագահ Էրդողանը: «Այսօրվա Հայաստանն ու Թուրքիան նախկինը չեն: Այժմ Թուրքիայում տարբեր թեմաների մասին է խոսվում, գրվում, անգամ Ցեղասպանության հիշատակի արարողություններ, ցույցեր են արվում: Այս գործընթացն արդեն անհնար է կանգնեցնել: Ես հավատում եմ և լիահույս եմ, որ Ցեղասպանությունը կընդունվի»,- անկեղծանում է Յալչընը, ով ընդգծում է, որ իր ստեծագործություններում մշտապես կիրառում է «խաղաղության լեզուն»:
«Քիչ առաջ Կոմիտասի արձանի մոտ ինձ հանդիպած մարդն ասաց. «Գիրքս թուրքի չեմ վաճառի»: Ես շատ լավ հասկանում եմ նրան, պատկերացնում եմ, որ նման մարդիկ հայկական հասարակության մեջ հազարներով կլինեն: Մարդը ցավ է ապրել, և բնական է նրա ռեակցիան, երբ առաջին անգամ հանդիպում է թուրքի: Վստահ եմ նաև, որ նման հարյուր հազարներով, միլիոններով թուրքեր կան, ովքեր հայի հանդեպ բացասական տրամադրվածություն ունեն: Նման իրավիճակ կա և կլինի, քանի որ հայերն ու թուրքերն իրար նկատմամբ նախապաշարումներ ունեն: Եթե մի հայի հարցնես, թե ինչ է թուրքը, նա կասի՝ ցավ, և սա նորմալ է, քանի որ թուրքերը հայերին մեծ ցավ են պատճառել: Սակայն մենք պետք է դուրս գանք նման իրավիճակից, պետք է հաղթահարենք սա»,- նշում է մտավորականը:
Երևան կատարած այցի պատճառներից մեկն էլ «Հոգիս քեզնով կխայտա» ստեծագործության բեմականացման ցուցադրությունն է Գյումրիում, Վանաձորում և Երևանում: Բեմադրության պրեմիերան ավելի վաղ եղել է ԱՄՆ-ում: Խոսելով այս մասին՝ հեղինակը նշում է, որ իր համար մեծ պատիվ է լինել առաջին թուրք գրողը, ում ստեղծագործությունը կբեմադրվի անկախ Հայաստանում: «ԱՄՆ-ում կայացած ցուցադրությունից հետո բոլորը դուրս էին գալիս և շնորհակալություն էին հայտնում ինձ: Սակայն կարծում եմ, որ եթե կա մեկը, ով պետք է շնորհակալություն հայտնի, դա ես եմ: Որպես թուրք գրող` ես պետք է նախ և առաջ հայերին շնորհակալություն հայտնեմ, քանի որ այն թուրքերենը, որով ես խոսում եմ և գրում, ստեղծել է Հակոբ Մարթայանը, ում Աթաթուրքն ասում էր Հակոբ Դիլաչար: Օսմանյան կայսրության շրջանում 300 տարի անընդմեջ Բալյան անունով հայ ճարտարապետների ընտանիքի անդամներն արքունական գլխավոր ճարտարապետներն էին: Նրանցից առաջ գործած ճարտարապետ Սինանը միայն հերիք է, որ մենք հայ ժողովրդին ու Հայաստանի հանդեպ երախտիքի զգացում ունենանք: Թուրքիայի ողջ ճարտարապետությունը, ցանկացած բան, որ հղկված քարից է, հայինն է: Թուրքերենում մի խոսք կա. «Եթե այդ մինարեթը հայը չի տնկել, այն կփլուզվի»: Սա է ողջ եղելությունը, հայերի վաստակը պետք է բարձրաձայնենք»,- ընդգծում է Յալչընը՝ նշելով, որ հենց «Արմենպրես»-ի միջոցով ցանկանում է բոլոր ընթերցողներին հայտնել իր երախտիքի խոսքը:
Խոսելով Թուրքիայի ներկա վիճակի մասին՝ հեղինակը նշում է, որ Էրդողանի կառավարությունը պարզապես թշնամականի վերածեց հարաբերությունները հարևան բոլոր երկրների հետ և չկա ներկայում մի հարևան, որի հետ Թուրքիան նորմալ հարաբերություններ ունենա: «Թուրքիայի ժողովրդավարացման արևմտյան դուռը Հունաստանն է, իսկ արևելյան դուռը՝ Հայաստանը»,- համոզված նշում է մտավորականը:
Հանդիպման ընթացքում նա հայտնեց իր հիացմունքը քաղաքամայր Երևանի նկատմամբ: «Երևանի ամեն փողոցի վրա կա մի արձան, արվեստի մի գործ, ես Երևանը տեսա որպես պատմության թանգարան և կցանկանայի դիմել ՄԱԿ-ին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը ճանաչի որպես մշակութային ժառանգության կենտրոն: Ցեղասպանություն տեսած ժողովրդի՝ 100 տարվա ընթացքում նման զարգացում ապրելը, ոտքի կանգնելը պետք է օրինակ ծառայի մյուս ցեղասպանված ժողովուրդներին»,- նշում է Յալչընը՝ հավելելով. «հայ ժողովուրդը պայծառ ժողովուրդ է»:
Հանդիպման վերջում նա զրույցն ավարտեց լավատեսական նոտայով՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններն անպայմանորեն կարգավորվելու են: «Ապագայում Երևանը Տրապիզոնին պետք է կապվի, ուղիղ ճանապարհ պետք է լինի դեպի ծով, սա անպայման լինելու է: Նախկինում այդպես էր: Անիում Արաքսի վրայի կամուրջը կրկին կառուցելու ենք: Թուրք ու հայ ժողովուրդները կամուրջով մի կողմից մյուսն են անցնելու: Ես հավատում եմ դրան»,- ասաց նա:
Արաքս Կասյան