Պաշտոնական

ՀՀ վարչապետը մասնակցել է «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Պանարմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը: Հոկտեմբերի 8-11-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևանի 2797-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցում է 100-ից ավելի կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Վարչապետը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական և արտերկրի արտադրողների և ձեռնարկությունների ներկայացրած արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին, նորարարական համակարգերին: Կառավարության ղեկավարը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի շուրջ:

«Պանարմենիան Էքսպո 2015» ցուցահանդեսի նպատակն է՝ բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչելիությունը և խթանել արտահանումը, ստեղծել գործարար հարթակ Հայաստան-Սփյուռք տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման ու զարգացման համար, նպաստել մեր երկրի տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար ու ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, ծառայություններ, հրատարակչություն, շինարարություն և այլն: Միջազգային բազմաբնույթ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է հայրենական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու և մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում