Աթենքում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու կազմակերպմամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնաժողովի հովանու ներքո սեպտեմբերի 25-ին և 26-ին Աթենքում կայացել են Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյանի դասախոսությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Բեյրութի Հայկազյան համալսարանը Հայաստանից դուրս գործող միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է:

Սեպտեմբերի 25-ին Վերապատվելի Հայդոստյանը դասախոսություն է կարդացել Աթենքի «DEREE» ամերիկյան համալսարանում: «Հետցեղասպանական հայկական հոգևոր հարցեր» խորագրով դասախոսությամբ բանախոսը ներկայացրել է Ցեղասպանության ազդեցությամբ` Աստծո ընկալման փոխակերպումները արևմտահայ և արևելահայ գրողների ստեղծագործություններում, ինչպես նաև հայկական հոգևոր հայեցակարգում առաջացած հարցերը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լույսի ներքո: Դասախոսության ավարտին դոկտոր Հայդոստյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Սեպտեմբերի 26-ին Աթենքի Կոկինիայի Հայ Ավետարանական եկեղեցում կայացել է դոկտոր Հայդոստյանի դասախոսությունը «Ցեղասպանության 100-րդ տարելիցի մտորումներ» խորագրով: Միջոցառմանը ներկա են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնաժողովի անդամներ, հունահայ համայնքային, կրթական և մշակութային կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, կրոնական դասի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու վարչության նախագահ, Վերապատվելի Վիգեն Չոլաքյանը:

Իր խոսքում Վերապատվելի Հայդոստյանն անդրադարձեռլ է աշխարհի տարբեր երկրներում իրականացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանակալի միջոցառումներին և դրանց հետևած միջազգային արձագանքին: Լիբանանահայ համայնքի օրինակով մատնանշելով միջոցառումների կազմակերպման ձեռքբերումներն ու թերությունները` բանախոսը ներկայացրեց նաև հայ համայնքների առջև ծառացած ներկա մարտահրավերները հայապահպանության և այլ ոլորտներում, առաջարկներ ներկայացրեց առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Միջոցառման երկրորդ հատվածում կայացել է Հայ Ավետարանական եկեղեցու «Արևիկ» գրատան կողմից կազմակերպված «100 տարի, 100 գիրք» խորագրով գրքերի ցուցահանդես-վաճառք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է Ցեղասպանության թեմայով հայալեզու և օտարալեզու հարուստ գրականություն, ինչպես նաև Հայկազյան համալսարանի վերջին տարիների հրատարակությունները: Այն կգործի մինչև հոկտեմբերի 4-ը:

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով