Մարզային

Կոտայքի մարզպետարանը պարզաբանել է Աբովյանում ծննդկանի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզպետարանը պարզաբանել է Աբովյանում ծննդկանի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետարանը հանդես է եկել Աբովյանի ծննդատանը գրանցված նորածնի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանմամբ: «Արմենպրես»-ի հաորդմամբ` մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վերջին օրերին Աբովյանի ծննդատանը տեղի ունեցած դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են տրվում։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 22.00-ին, ծննդատուն է ընդունվել 28-ամյա կին՝ հղիություն 39-40 շաբաթական, «խառը հետույքային առաջադրություն, ծննդաբերության առաջին շրջան» ախտորոշմամբ։ Ժամը 23.10-ին նորածինը դուրս է բերվել առանց կենդանածնության նշանների, պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով:

Ըստ որոշ լրատվամիջոցների, իբր մահացած նորածինը դրվել է ծննդկանի կրծքին։Տեղեկացնում ենք, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ինչը փաստում է տվյալ պահին ծնարանում գտնվող ողջ անձնակազմը: Ներկա են եղել մանկաբարձական բաժնի վարիչը, հերթապահ մանկաբարձ գինեկոլոգը, կնոջ հղիության ողջ ընթացքը հսկող տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, հերթապահ մանկաբարձուհին և հերթապահ նեոնատոլոգը, ով, ելնելով այն հանգամանքից, որ դեռևս ծննդաբերությունից 10-15 րոպե առաջ պտղի սրտի զարկերը հատուկենտ են լսվել, անմիջապես ամբողջ ծավալով իրականացրել է վերակենդանացման միջոցառումներ։ Հետևաբար, նորածինը չէր կարող գտնվել մոր կրծքի վրա:

Մարզպետարանը և ծննդատան ողջ անձնակազմը ցավակցում են ծննդկանին և հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են բժշկական բոլոր փաստաթղթերը: Բոլորին խնդրում և հորդորում ենք սպասել քննության արդյունքներին և առանց հիմնավորումների գնահատականներ չտալ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում