Պաշտոնական

Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ ռազմաքաղաքական քայլերը. ՀՀ Նախագահի ելույթը ՄԱԿ-ում

12 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ ռազմաքաղաքական քայլերը. ՀՀ Նախագահի ելույթը ՄԱԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի նախագահ Լիկետոֆտ,

Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները:

Հարգելի՛ պատվիրակներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ նաև մեզ բոլորիս Միավորված ազգերի կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս կազմակերպության ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է` միավորելով ընդհանուր իղձերի և սկզբունքների շուրջ: Անցած 70 տարիները բնորոշվեցին կարևորագույն դրական զարգացումներով` վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին: Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու և իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի:

Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև` ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի և մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ և այլն: Այս մարտահրավերների շարքը երկար է: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ պարտավորեցնում է վճռականորեն վերահաստատել մեր համատեղ հանձնառությունն այս կազմակերպության առաքելությանն ու նրա Կանոնադրությանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ես այս ամբիոնից անուն առ անուն շնորհակալություն հայտնեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ կոչ անելով ողջ միջազգային հանրությանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանությունների կրկնության դեմ պայքարին նոր թափ հաղորդել:

Այսօր նույն այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և հիշատակում նրա կողմից մատուցված պատմական պատարագը, Եվրոպայի խորհրդարանին և մատնանշում նրա ընդունած բանաձևը, Գերմանիայի Նախագահին և վստահեցնում, որ նրա հայտնի ելույթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմության էջերում, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, ինչպես նաև տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին:

Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաև բազմաթիվ երկրների պատվիրակություններին ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար:

Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու մեր հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում մեր կողմից պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Հարգելի՛ ներկաներ,

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփման գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Թեև բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, նշեմ սոսկ մի քանի փաստ:

Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:

Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը:

Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով:

Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում:

Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: Մեր անմիջական հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։ Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը: Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում:

Պարո՛ն նախագահ,

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ միանալ բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության: Այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել մեր ընդհանուր պայքարին:

Շնորհակալություն»:

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում