Օֆելյա Համբարձումյանն իր ողջ հմայքով ներկայանում է նոր` «Օֆելյա» ֆիլմում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանին նորովի կարելի է բացահայտել նոր կինոնկարի միջոցով, որը հայ երգի թագուհին շատ է հավանել: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բազմաթիվ արվեստասերներ ու երգչուհու տաղանդը գնահատողները սեպտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցեցին «Օֆելյա» ֆիլմի պրեմիերային:

«Կարծում եմ, որ շատ գեղեցիկ նկարահանված է, դիտեք: Վաղուց էի ծանոթ երիտասարդ ռեժիսորի հետ, չգիտեի, որ ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի: Շատ լավ է, որ այսպես եղավ: Ես առիթը բաց չթողեցի, որովհետև զգացի, որ մարդը հայ երգը սիրում է, պաշտում, ուզում է էկրանի վրա ներկայացնել: Նկարածը բավական գեղեցիկ է, ճշմարիտ, ամեն ինչը տեղին է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:

Երգչուհու խոսքով` ֆիլմի 55 րոպեներում հնարավոր չի եղել տեղավորել այն հազարավոր երգերը, որ ինքն է ձայնագրել: «Տեղավորել են 7 երգեր: Երգեր, որոնք 50-60 տարի էկրանին են, սիրված են ու գնահատված»,- հայտնեց Օֆելյա Համբարձումյանը:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանը խոստովանում է` Օֆելյա Համբարձումյանի հետ դժվար էր աշխատել այն առումով, որ նրա մոտ ամեն ինչ պետք է պրոֆեսիոնալ լինի:

«Այնպես ենք արել, որ ամեն ինչ լինի պրոֆեսիոնալ մակարդակով: Եթե թերացում լիներ, Օֆելյա Կարպովնան ասելու էր, որ էլ ֆիլմ չենք նկարահանում: Ինձ համար, որպես երիտասարդ ռեժիսորի, մեծ պատասխանատվություն է եղել այս ֆիլմը նկարահանելը: Մեր ֆիլմն ամբողջությամբ հիմնված է եղել սիրո վրա, ինչպես Օֆելյա Համբարձումյանի երգերը»,- ընդգծեց նա:

Հայկ Վարդանյանի խոսքով` ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականից: «Մեր ընտանիքում միշտ հնչել է հայկական երաժշտությունը, մասնավորապես, Օֆելյա Համբարձումյանի երգը: Ես միշտ ասում եմ նրան` դուք իմ հոգու երգչուհին եք: Մենք Հայաստանում մեր լեգենդների մասին ֆիլմեր չունենք. Խորհրդային Միությունից մնացած մի կարծրատիպ կա` երբ մարդը չի լինում, նոր միայն սկսում ենք ֆիլմ նկարահանել: Փորձել ենք կոտրել այդ կարծրատիպը»,- հավելեց նա:

Ֆիլմը ներկայացվելու է սփյուռքի տարբեր գաղթօջախներում, ինչպես նաև ցանկություն կա այն տանել Հայաստանի մարզեր ու Արցախ:

«18 ժամանոց նյութ ունենք: Ծաղկաքաղ անելով` օգտագործել ենք 55 րոպեն: Հետագայում այդ նյութից առանձին ֆիլմ կարող ենք նկարահանել»,- նշեց ռեժիսորը: Ֆիլմի ընթացքում կինոդիտողը հնարավորություն է ստանում բացահայտել Օֆելյա Համբարձումյանին իր ողջ հմայքով: Իր ստեղծագործական ուղու, սիրո, կյանքի մասին խոսում է ինքը` երգչուհին, նրա դուստրը` երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, ներկայացվում են նաև հայտնի մարդկանց մտքերը հայ երգի թագուհու մասին:

Բազմաթիվ երկրպագուների սերը վայելող Օֆելյա Համբարձումյանն ինքն էլ ֆիլմում խոստովանում է` առանց սիրո չի պատկերացնում իր կյանքը:

Պրեմիերայի ավարտին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորեց ճանաչված երգչուհուն ու ծաղիկներ նվիրեց նրան:

Երգչուհի Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. Երևանում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել Հայաստանի Ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած նվագախմբին: Երգացանկը ձևավորել է ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, կոմպոզիտորական երգերով: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը: Կատարել է նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն ինքն է եղել: 1944թ.-ից աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգչուհի: 1959թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ 2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Հայերեն English Русский

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին